Վենետիկի ժամանակակից արվեստի 54-րդ բիենալե. Հայաստանի ներկան ու անցյալը` արտիստական և քննադատական տեսանկյունից
Վենետիկի ժամանակակից արվեստի 54-րդ բիենալեում Հայաստանը հավանաբար տաղավարներ կունենա և’ Արսենալեում, և’ Մուրադ Ռաֆայելյան վարժարանում. «Փորձելու ենք այնպես անել, որ երկու տեղում էլ ունենանք»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Վենետիկի ժամանակակից արվեստի 54-րդ բիենալեի հայկական տաղավարի կոմիսար Վիկտոր Մնացականյանը:
Վ. Մնացականյանը նաև տեղեկացրեց, որ իրենք արդեն առաջին կարևոր քայլն արել են` կազմվել է կուրատորական խումբ` Արմինե Անտիկյան, Վարդան Ազատյան, Ռուբեն Արևշատյան, Նազարեթ Կարոյան: «Այնպիսի մարդիկ ենք, որոնք իրենց ոլորտի լավագույններն են, պրոֆեսիոնալներ են»,- ասաց նա:
«Թիմային աշխատանք ենք կատարելու, միահյուսելու ենք մեր գիտելիքները, փորձը»,- ասաց Նազարեթ Կարոյանը:
Այժմ կուրատորներն ընտրում են հայկական տաղավարի կոնցեպցիան: «Բովանդակային առումով մենք այս տարի փորձ ենք անելու աշխատել որոշակի համատեքստերի հետ, որոնք առնչվում են Հայաստանի թե´ ներկային, թե´ անցյալին։ Փորձելու ենք խոսել այդ իրականության մասին արտիստական և քննադատական տեսանկյունից»,- ասաց Ռուբեն Արևշատյանը:
Վարդան Ազատյանն էլ նշեց, որ փորձելու են անընդատ ակտիվություն ապահովել հայկական տաղավարում, ինչի համար կազմակերպելու են տարբեր քննարկումներ, կլոր սեղաններ, որի ընթացքում կլինեն բանավեճեր, քննադատություններ` ոլորտի մասնագետների մասնակցությամբ:
Իսկ թե որքան գումար է հարկավոր նման հեղինակավոր միջացառմանը պատրաստվելու ու մասնակցելու համար, հայկական տաղավարի կոմիսարը չկարողացավ նշել: Նա ասաց, որ մշակույթի նախարարությունը որոշակի աջակցություն ցույց կտա, կօգնեն նաև բարերաները:
1895 թ. հիմնադրված ժամանակակից արվեստի համաշխարհային ամենահեղինակավոր այդ ստուգատեսին` Վենետիկի ժամանակակից արվեստի բիենալեին, Հայաստանը մասնակցում է 1995 թվականից: 1995-2009 թթ. հայկական տաղավարը ներկայացրել է «Նորարար փորձառական արվեստի կենտրոնի» (ՆՓԱԿ) հիմնադիր Էդուարդ Պալասանյանը: 2011-ի` 54-րդ բիենալեն կմեկնարկի հունիսին ու կշարունակվի մինչև նոյեմբեր: Այն կրելու է«Տիեզերքները տիեզերքում» խորագիրը:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին