Զ.Ալիզադե. Անհրաժեշտ է դադարեցնել հայ ժողովրդի նկատմամբ ատելություն սերմանող քաղաքականությունը
«Ես չեմ կարծում, որ Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազան դուրս կգա Ադրբեջանի դեմ»,- հայտարարել է ադրբեջանցի քաղաքական վերլուծաբան Զարդուշտ Ալիզադեն` «Վեստի.ազ» էլեկտրոնային պարբերականին տված հարցազրույցում` անդրադառնալով Ադրբեջանի կողմից հնարավոր պատերազմի վերսկսման պարագայում Գյումրիի ռազմաբազայի այդ գործողություններին միջամտելու հավանականությանը:
«Ես վստահ չեմ, որ ոչ մի պատերազմ էլ չի լինի: Բայց եթե նույնիսկ պատերազմն անխուսափելի լինի, ապա մինչպատերազմական շրջանում Ադրբեջանը պետք է ձեռնարկի բոլոր միջոցները, որպեսզի արդյունքում չդառնա միջազգային հանրության քննադատության թիրախը: Եթե պատերազմ չի լինելու, ապա անհրաժեշտ է դադարեցնել հայ ժողովրդի նկատմամբ ատելություն սերմանող քաղաքականությունը և մշակել հայերի ու ադրբեջանցիների համակեցության մոդել»:
Ադրբեջանի տարածքը լքելու պահանջով Ռուսաստանի դեսպանատան առջև բողոքի ակցիաների կազմակերպման վերաբերյալ քաղաքագետն ասել է. «Պարզապես ինչ-որ մեկը սեղմել է կոճակը և ցուցարարները ակտիվություն են ցուցաբերել»: