Երիտասարդները ներկայացրել են կոռուպցիայի նվազեցմանն ուղղված օրենսդրության բարելավման առաջարկություններ
Կոտայքի մարզի Աղվերան քաղաքում ԵԱՀԿ օժանդակությամբ կազմակերպված ամառային ճամբարի փակման օրը երեսուն հինգ երիտասարդներ ներկայացրել են Հայաստանում կոռուպցիայի նվազեցմանն ուղղված օրենսդրության բարելավման իրենց առաջարկությունները:
Եռօրյա ճամբարը, որը «Երիտասարդությունն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի մի մասն է, իրականացվել է «Ապագան քոնն է» հասարակական կազմակերպության կողմից` ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հաղորդմամբ, ծրագիրը ոգևորել է երիտասարդ մասնակիցներին պայքարելու կոռուպցիայի դեմ: Ձևավորելով կառուցողական մտածելակերպ` այն նաև քաջալերել է քաղաքացիական և երիտասարդական ակտիվություն: Մասնակիցներն ընտրվել են 6 հայաստանյան բուհերի շուրջ 300 երիտասարդներից, ովքեր վերջին երկու տարում մասնակցել են հակակոռուպցիոն ծրագրի դասընթացներին:
Ծրագրի մասնակիցները վերլուծեցել և առաջարկել են իրենց նկատառումները Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին, Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին և Դեղերի մասին ՀՀ օրենքների կիրառման վերաբերյալ:
Նրանք հանդիպումներ են ունեցել փորձագետների, բարձրաստիճան պաշտոնյաների` այդ թվում ՀՀ վարչապետի, Կրթության և Գիտության նախարարի, Ոստիկանության պետի տեղակալի հետ` քննարկելու և ներկայացնելու համար իրենց կարծիքներն ու դիտարկումները:
«Այս ծրագիրը լավ օրինակ է, թե ինչպես երիտասարդները կարող են պայքարել կոռուպցիայի դեմ և մասնակցել երկրի ժողովրդավարական զարգացմանը: Օրենսդրության և օրենքի կիրառման պրակտիկայի ուսումնասիրությունը և գնահատումը ակտիվ քաղաքացի դառնալու խոստումնալից նախաբան է»,-ասել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Քարել Հոֆսթրան: