Ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյայի հայտարարությունները երկրում հիմնազուրկ են ճանաչվել
Պնդումներն այն մասին, թե բլոգերները լրագրողներ չեն և նրանց ձերբակալությունները չի կարելի համարել խոսքի ազատության ոտնահարում՝ ամբողջովին հիմնազուրկ են: Այս մասին, «ОбъективТВ» ինտերնետ-հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշել են անկախ փաստաբան Էրկին Գադիրլին և բլոգեր Ալի Նովրուզովը:
Հիշեցնենք, որ նախօրեին Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի ղեկավար Ալի Հասանովը մեկնաբանելով բլոգերներ Էմին Միլլիի և Ադնան Գաջիզադեին ազատ արձակելու միջազգային հանրությանը կոչը՝ հայտարարել էր, թե բլոգերները լրագրողներ չեն և նրանց ձերբակալության առնչությամբ ստեղծված աղմուկը հիմնավորված չէ:
Գադիրլին նշել է, որ ադրբեջանական օրենսդրությունը չի սահմանում «լրագրող» հասկացությունը, ինչը նշանակում է, որ Հասանովը նման պաշտոնական հայտարարություն չէր կարող անել:
Փաստաբանը նշել է, որ Ադրբեջանի օրենսդրության մեջ չկա և չի կարող լինել «բլոգեր» բառի սահմանումը, քանզի անհնար է ամեն ինչ օրենսդրությամբ կարգավորել: Բլոգերների գործունեությունը կարգավորվում է խոսքի ազատության ընդհանուր երաշխիքների համատեքստում, և դրա պատասխանատվության դրույթն ամրագրված է քաղաքացիական օրենսգրքում:
Բլոգեր Նովրուզովը նշել է, թե խոսքի ազատության ոլորտում իրականացվող ցանկացած գործունեություն պետք է պաշտպանված լինի, անկախ նրանից, թե ով է դրա հեղինակը՝ բլոգե՞ր, թե՞ լրագրող: Գնահատելով բլոգոսֆերայում առկա մթնոլորտը՝ նա նշել է, թե Միլլիի և Գաջիզադեի ձերբակալություններից հետո այդ դաշտն սկսել է շեշտակի զարգանալ: