Դավութօղլուն պարզաբանում է խնդրել Իրանից Հայոց ցեղասպանության մասին հայտարարության համար
Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է օրերս Իրանի փոխնախագահի` Հայոց ցեղասպանության մասին հնչեցրած հայտարարությանը: Այս մասին հայտնում է թուրքական «Թյումգազեթելեր» (Tumgazeteler) լրատվական կայքը, լրագրողի այն հարցին, թե Թուրքիայի արտգործնախարարությունն ինչպես է արձագանքել հիշյալ հայտարարությանը, Դավութօղլուն պատասխանել է, որ ինքը Թեհրանի թուրքական դեսպանատան միջոցով պարզաբանում է խնդրել Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունից:
Իրանում թուրք դիվանագետներին տեղեկացրել են, որ այդ հարցում Իրանի պաշտոնական դիրքորոշումը որևէ փոփոխություն չի կրել:
Թուրքական TRT-ի տեղեկացմամբ էլ` Անկարայում իրանական դեսպանատունը տարածել է հաղորդագրություն, ըստ որի, թյուրըմբռնում է եղել ու սխալ մեկնաբանվել Իրանի փոխնախագահի խոսքը:
Հիշեցնենք, որ, ըստ շրջանառվող լուրերի, օրերս Իրանի փոխնախագահ Համիդ Բաղհաեյը կոնֆերանսի ժամանակ, խոսելով առաջին համաշխարհային պատերազմի մասին, ասել էր, որ Օսմանյան կայսրությունում հայերը ցեղասպանության են ենթարկվել: