Sabah: Գյուլը հանդիպելու է ԱՄՆ հրեական լոբբիի հետ Հայոց ցեղասպանության հարցով
Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևին Միացյալ Նահանգների հրեական լոբբիի աջակցելը կանխելու համար Անկարան որոշել է վերսկսել ակտիվ շփումները հրեական շրջանակների հետ: Նման տեղեկություն է տարածել թուրքական «Սաբահ» (Sabah) թերթի էլեկտրոնային կայքը:
Աղբյուրի տեղեկացմամբ` առաջին քայլն այդ ուղղությամբ արդեն արվել է, երբ Թուրքիայի արտգործնախարարության խորհրդական Ֆերիդուն Սինիրլիօղլուի գլխավորած պատվիրակությունն օրերս Վաշինգտոնում հանդիպել է հրեական լոբբիի ներկայացուցիչների հետ:
Երկրորդ քայլը նախատեսված է կատարել սեպտեմբերի 19-ին. Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը, ըստ նախնական տվյալների, Նյու Յորքում պետք է հանդիպի հրեական լոբբիստական ուժերի հետ:
«Այդպիսով, կվերսկսվի հրեական կազմակերպությունների հետ հանդիպելու ավանդույթը, որը դուրս էր եկել վարչապետ Էրդողանի ամերիկյան այցերից»,- նկատում է պարբերականը: