Թուրքիայում իրանցիների վրա կատարվող հարձակումների հարցը Իրանի Մեջլիսի ազգային անվտանգության հանձնաժողովի օրակարգում է
Իրանի փոխարտգործնախարար Հոսեյն Ղաշղավին մամլո ասուլիսի ժամանակ տեղեկացրել է, որ Իրանի արտաքին գործերի նախարարության, ուխտագնացության կազմակերպության և Իրանի Մեջլիսի կողմից հրավիրված խորհրդակցության արդյունքում որոշում է կայացվել Մեջլիսի ազգային անվտանգության հանձնաժողովում ստեղծել կոմիտե, որը կզբաղվի թուրքերի կողմից իրանցի ուխտագնացների վրա կատարված հարձակումների դեպքերի ուսումնասիրությամբ:
Այդ մասին հայտնում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:
Իրանի փոխարտգործնախարարը, մասնավորապես, նշել է. «Մենք ակնկալում ենք, որ Թուրքիայում համապատասխան քայլեր կձեռնարկվեն իրանցի ուխտագնացների անվտանգությունն ապահովելու գործում»:
Հիշեցնենք, որ Թուրքիայի տարածքում իրանցիների նկատմամբ հաճախակի են տեղի ունենում հարձակումներ: Իրանական «սիասաթռուզ.իռ» կայքի փոխանցմամբ` անցյալ ամիս թուրքերի հարձակման հետևանքով իրանցի 5 ուխտագնացներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ էին ստացել, իսկ «ՄԵՀՐ» լրատվական գործակալության հաղորդմամբ` ս.թ. հունիսի սկզբին թուրքերը հարձակվել էին իրանցի լրագրողներին տեղափոխող ավտոբուսի վրա: