Թուրքերը պահանջում են, որ Օրհան Փամուքը հետ վերադարձնի Նոբելյան մրցանակը
Թուրքական «Միլլիյեթ» թերթի բլոգում զետեղած մի հոդվածում Էրդողան Շահին անունով հեղինակը, անդրադառնալով թուրք գրող Օրհան Փամուքի Նոբելյան մրցանակ ստանալուն, գրում է, թե թուրք ժողովուրդն ազգային հաջողությունները շատ է կարևորում, բայց Փամուքի ստացած մրցանակը ավելի շատ իրենց վշտացրեց:
Հեղինակը մասնավորապես գրում է. «Փամուքի ասած` «Թուրքերը մեկ միլիոն հայ և 30000 քուրդ են սպանել» խոսքերը խորապես վիրավորել են թուրք հասարակությանը: Ամբողջ աշխարհում մեծ կարևորություն է տրվում Նոբելյան մրցանակակիրների ասած խոսքերին և ընդունվում որպես ճշմարտություն: Փամուքի գրքերը թարգմանվել են մի քանի լեզուներով, և դեռ շարունակվում են թարգմանվել: Եվ այդ խոսքերը հասցվում են ամբողջ աշխարհին: Սրա արդյունքում թուրքերի հանդեպ թշնամանքը աճում է: Այս առումով Փամուքը եկող սերունդներին շատ վատ ժառանգություն է թողնում: Բոլորն ել հասկանում են որ Փամուքին տրված մրցանակը ավելի շատ քաղաքական բնույթ ուներ: Այդ մրցանակը տրվել է ոչ թե Փամուքի գրքերին այլ, նրա վերոնշյալ խոսքերին»:
Հեղինակը կարծում է, որ եթե Փամուքը մրցանակը հետ վերադարձներ և թուրք հասարակությունից ներողություն խնդրեր, նրա աչքին կբարձրանար: Այդ ժամանակ թուրք ժողովուրդը նրան իր կրծքին կսեղմեր և դա իր համար ամենանվիրական մրցանակը կլիներ:
Վերջում հեղինակը գրում է. «Ինչպես երևում է Փամուքը շարունակում է սիրել իր մրցանակը և «ԱՅՈ» է ասում սահմանադրական փոփոխություններին»: