«ReAnimania-2010». 263 ֆիլմ՝ 35 երկրից… Փառատոնն ընդլայնում է իր սահմանները
Սեպտեմբերի 9-ին Երևանում մեկնարկելու է «ReAnimania» անիմացիոն ֆիլմերի միջազգային երկրորդ փառատոնը։ Մինչև սեպտեմբերի 13-ը շարունակվող փառատոնի ընթացքում ցուցադրվելու է 263 մրցութային ֆիլմ՝ 35 երկրից: Այս մասին ասուլիսում ասաց փառատոնի հիմնադիր Վրեժ Քասունին: «Մենք հայտեր ենք ստացել նույնիսկ ասիական ու միջինարևելյան երկրներից: Մեզ համար սա շատ կարևոր է. նշանակում է, որ փառատոնն իր սահմանները ընդլայնում է: Համոզված եմ, որ յուրաքանչյուր հաջորդ տարի մենք ավելի ու ավելի շատ երկրներից և անիմատորներից ենք մասնակցության հայտեր ստանալու»,- ասաց նա:
Նշենք, որ այս տարի փառատոնին առաջին անգամ մասնակցում են` Չեխիան, Ճապոնիան, Չինաստանը, Սինգապուրը, Թուրքիան, Սիրիան, Հունաստանը, Բուլղարիան և Նիդեռլանդները:
Փառատոնը կազմված է 4 մրցութային ծրագիրց` լիամետրաժ, կարճամետրաժ, ավարտական և հեռուստատեսային ֆիլմեր: Լինելու է նաև մրցանակ կարճամետրաժ ֆիլմի լավագույն երաժշտության համար: Փառատոնում ժյուրիի ընտրությամբ կլինեն նաև այլ մրցանակներ` «Լավագույն դեբյուտ», «Լավ քաղաքացի»: Փառատոնը կառուցվածքային առումով կազմված է հետևյալ ծրագրերից. Երևանյան պրեմիերաներ, Մրցութային ծրագիր, Հայկական ներկապնակ, Մանկական ծրագիր, Շուրջերկրյա ճանապարհորդ, Անսիի ծրագիր, Հատուկ ցուցադրություններ, Հաստատությունների ծրագիր, Ընկերությունների ցուցադրություններ, Ցուցահանդեսներ, Վարպետության դասընթացներ, դասախոսություններ, Բացօթյա ցուցադրություններ, ՄարԱնի (Անիմացիայի շուկա): Փառատոնի գեղարվեստական ղեկավար Լուսինե Քասարջյանն ասաց, որ կան որոշակի նորամծություններ, օրինակ` «Հայկական ներկապնակը», որի շրջանակներում ներկայացվելու են հայ անիմատորների աշխատանքները, և «Բացօթյա ցուցադրությունները»` Կասկադում:
Ինչ վերաբերում է հյուրերին, Վ. Քասունին ասաց, որ ունենալու են 23 հյուր, որոնք բոլորն էլ անիմացիայի աշխարհի հեղինակավոր ներկայացուցիչներ են. «Թեև միջազգային փառատոնի համար սա փոքր թիվ է, սակայն այնպիսի հյուրեր են, որոնք իրենց գործունեությամբ դրոշմված են անիմացիայի պատմության մեջ»: Հյուրերի թվում են` Մաքս Հաուարդը` ԱՄՆ/Մեծ Բրիտանիա, Ֆրենք Գլեդսթոունը` ԱՄՆ, Դեյվիդ Սփրոքսթոնը՝ Մեծ Բրիտանիա, Ժան-Փոլ Քոմենը` Ֆրանսիա, Մոհամեդ Ղազալան` Եգիպտոս, Մարթա Մաչադոն՝ Բրազիլիա և այլք:
Նշենք, որ փառատոնի անցկացման համար մշակույթի նախարարությունը տրամադրել է 2.5 մլն դրամ, որը, ըստ Վ. Քասունու, լուրջ աջակցություն է:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին