Ա. Աշոտյան. Մեր կրթական համակարգի որակի և արդյունավետության բարձրացմանը միտված ծրագրերն այլընտրանք չունեն
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն այսօր Գիտելիքի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել, մաղթել հետաքրքիր, հայտնություններով հարուստ ու հաջողություններով լի ուսումնական տարի:
«Սիրելի դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ, կրթության բնագավառի ներկայացուցիչներ,
Շնորհավորում եմ ձեզ սեպտեմբերի մեկի` Գիտելիքի օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ:
Առանձնակի ջերմությամբ ուզում եմ շնորհավորել առաջին դասարանցիներին ու հույս հայտնել, որ տոնական այս խանդավառությունը նրանց ուղեկից կլինի կրթության բոլոր աստիճաններում:
Տոնական այս օրը մեկ անգամ ևս առիթ է տալիս մեզ` կրթության գործընթացի բոլոր մասնակիցներիս` աշակերտից մինչև տնօրեն, ասպիրանտից մինչև պրոֆեսոր, վերագնահատելու գիտելիքի կարևորությունն ինչպես յուրաքանչյուր անձի բարեկեցության, այնպես էլ մեր պետության զարգացման ու հզորացման գործընթացում: Կրթության ոլորտում համաշխարհային զարգացումներն այսօր հավաստում են, որ մեր կրթական համակարգի որակի և արդյունավետության բարձրացմանը միտված ծրագրերն այլընտրանք չունեն, ու բոլորիս համար ցանկալի արդյունքին հասնելու համար կարևորված է յուրաքանչյուրիս մասնակցությունը:
Իմ շնորհավորանքն եմ հղում Սփյուռքի հայկական դպրոցների բոլոր մանկավարժներին, ովքեր իրենց ուսերին են վերցրել հայապահպանության ու ազգային արժեքների փոխանցման պատասխանատու գործը:
Շնորհավորելով բոլորիս նոր ուսումնական տարվա սկիզբն ավետող սեպտեմբերի 1-ի և Գիտելիքի օրվա կապակցությամբ` ցանկանում եմ հետաքրքիր, հայտնություններով հարուստ ու հաջողություններով լի ուսումնական տարի»,-ասված է նախարարի ուղերձում: