«Կինոշոկ»-ում ներկայացված է լինելու երկու հայկական ֆիլմ` «Մի նայիր հայելուն» և «Մեծ տոն»
Անապայում սեպտեմբերի 12-19 անցկացվելիք ԱՊՀ և Բալթյան երկրների «Կինոշոկ» 19-րդ կինոփառատոնում Հայաստանը լիամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագրում ներկայացնելու է Սուրեն Բաբայանի «Մի նայիր հայելուն» ֆիլմը, իսկ «Շոկի սահմանները» մրցութային ծրագրում` Վահե Գևորգյանցի «Մեծ տոն» ֆիլմը:
«Մի նայիր հայելուն» ֆիլմի գլխավորը հերոսը (Ժան - Պիեռ Նշանյանի դերակատրությամբ) մեր ժամանակակիցն է` հենց Հերոս անունով: Նկարչական կրթություն է ստացել: Եղել է նկարիչ, ապա` լավ պատճենահանող: Այժմ բնորդ է: Գոյատևում է` վաճառելով այն ամենը, ինչ մնացել է լավ ժամանակներից: Եվ ահա, ստիպված է վաճառել սրբապատկերը: Այդ օրվանից փոխակերպությունների շարան է սկսվում. հայելուն նայելիս Հերոսը տեսնում է ոչ թե իր, այլ ուրիշի արտացոլքը և ամեն անգամ` տարբեր մարդկանց: Շրջապատը ևս հայելու մեջ նայելիս տեսնում է ոչ թե Հերոսին, այլ օտար դեմքեր: Սա տեղիք է տալիս կոմիկական և դրամատիկ իրավիճակների: … Հերոսը հասկանում է, որ դժվարություններն են մեզ տանում դեպի հավատ:
35 րոպե տևողությամբ «Մեծ տոն» ֆիլմը` Կարեն Մանուկյանի և Շանթ Վարդազարյանի գլխավոր դերակատարմամբ, նկարահանվել է 2008 թվականին: Բեմադրիչ ռեժիսորը Վահե Գևորգյանցն է, սցենարի հեղինակներն են Ռուբեն Գևորգյանցը և Գեորգի Կևորկովը: «Մեծ տոն» կինոնկարը պատմում է պատերազմական իրավիճակում գյուղում մենակ մնացած հակառակորդ ազգերի երկու պատանիների մասին: Գոյության կռիվ տալով` երկուսն էլ քաղցած` անկարող են մնալ ախոյաններ և, կամա թե ակամա, միմյանց հետ հաց են կիսում, խաղում: Սակայն պատերազմի պատճառով նրանք դարձյալ ստիպված են բաժանվել, հեռանալ յուրայինների մոտ:
Ըստ «Ռիա Նովոստիի», լիամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագրում ընդգրկված է 13 ֆիլմ: Ժյուրին ղեկավարելու է Կինոյի ու թատրոնի նկարիչ, պրոդյուսեր Պավել Կապլևիչը: «Շոկի սահմանները» ծրագրում ընդգրկված է 17 ֆիլմ, ժյուրիի նախագահն է լիտվիացի ռեժիսոր Շարունաս Բարտասը:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին