Միրչա Լուչեսկու. «Մխիթարյանը մեզ կօգնի Չեմպիոնների լիգայում»
Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուի խոսքերով` տաղանդավոր ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանով ինքն սկսել է հետաքրքրվել դեռևս երեք տարի առաջ, երբ Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում դոնեցկյան թիմը մրցակցեց Երևանի «Փյունիկի» հետ:
- Արդեն այն ժամանակ, երբ դեռ 18 տարեկան էր, այդ տղան առանձնանում էր անսովոր տեխնիկայով և, ամենակարևորը, խաղադաշտում յուրահատուկ մտածողության հակվածությամբ, ինչը պարզապես գերեց ինձ,- Լուչեսկուի խոսքերը մեջբերել է «Սպորտ Էքսպրեսն Ուկրաինայում» թերթը:- «Շախտյորում» խաղալու համար նա պետք է միայն հասունանար, և այժմ, հուսով եմ, դա տեղի է ունեցել: Անկասկած, ես շարունակում էի հետևել Մխիթարյանի ելույթներին «Մետալուրգում»: Նկատում էի, թե ինչպես է նա կատարելագործվում: Այդ թիմում Հենրիխն առաջատարի որակներ դրսևորեց, և ամենևին էլ պատահական չէ, որ նրան վստահվեց ավագի թևկապը: Ոչ պակաս կարևոր է նաև այն հանգամանքը, որ նա լավ հարմարվեց ուկրաինական առաջնությանը, որում տեխնիկապես գրագետ ֆուտբոլիստների համար այնքան էլ հեշտ չէ խաղալ: Բացի այդ, անցած տարի ճանաչվեց Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ: Համաձայնեք, որ այդպիսի «նուրբ» տարիքում շատ քչերն են նման հաջողությունների հասնում:
- Ո՞ր դիրքում եք մտադիր օգտագործել Մխիթարյանին:
- Նա Ժադսոնի համար մրցակցություն պետք է ստեղծի խաղադաշտի կենտրոնում:
- Կարելի է ասել` փլեյմեյքերի դիրքո՞ւմ:
- Ոչ: Փյեյմեյքերը, բառի ավանդական ըմբռնմամբ, խաղացող է շատ կարևոր, բայց միաժամանակ շատ սահմանափակ ֆունկցիաներով: Մեր խաղային համակարգը չի ենթադրում խաղադաշտ մտցնել այնպիսի ֆուտբոլիստի, ով պետք է աշխատի սոսկ վերջին փոխանցման համար: Ես նախապատվություն եմ տալիս ունիվերսալներին, բազմաֆունկցիոնալ խաղացողներին, ովքեր միտված են հարձակման: Նրանցից յուրաքանչյուրը, եթե ուզում եք, որոշակի պահերի իրեն պետք է զգա փլեյմեյքերի դերում:
- Դրա համար ի՞նչ է անհրաժեշտ:
- Որակներ` գնդակի հետ ցանկացած իրավիճակում ճիշտ վարվելու համար, ակնթարթորեն ճիշտ շարունակություն գտնելու ունակություն: Նա պետք է կարողանա կարճ փոխանցումով խաղալ թիմակցի հետ, գնա դրիբլինգի, սուր փոխանցում կատարի, անձամբ սպառնա մրցակցի դարպասին, հանդես գա գոլահարի դերում: Այս բոլոր որակները, ըստ իմ դիտարկումների, հատուկ են Մխիթարյանին:
- Իսկ նա ե՞րբ կմիանա «Շախտյորին»:
- Երբ կվերադառնա Հայաստանի ազգային հավաքականից:
- Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում նրա հետ հույսեր կապո՞ւմ եք:
- Հուսով եմ` նա մեզ կօգնի:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին