Երկրի ղեկավարն այսօր հյուրընկալել է առաջադեմ աշակերտներին. «Ում շատ է տրված` նրանից ավելի շատ է պահանջվում»
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր իր նստավայրում հյուրընկալել է ՀՀ հանրակրթական դպրոցների 2009-2010 ուսումնական տարվա մեդալակիրներին, միջազգային առարկայական օլիմպիադաներում պարգևների արժանացած դպրոցականներին և մաթեմատիկայի «Կենգուրու» մրցույթի հաղթողներին:
Հանրապետության ղեկավարը, արդեն ավանդական դարձած այս հանդիպմանը, շնորհավորել է ուսման մեջ տպավորիչ հաջողությունների հասած աշակերտներին և արդեն բուհ ընդունված պատանիներին ու աղջիկներին, նրանց հաջողություններ մաղթել հետագա ուսումնառության մեջ և կյանքում:
«Ուզում եմ բոլորիդ շնորհավորել ձեր հաջողության առիթով և շնորհակալություն հայտնել ձեր հայրենասիրության համար: Այո, հայրենասիրության, որովհետև գիտելիք ունենալը, լավ սովորելը, իրոք, հայրենասիրություն է: Յուրաքանչյուր մարդ գիտելիք է ստանում իր համար, բայց այդ գիտելիքն օգտագործում է նաև հանուն հայրենիքի, հասարակության: Դուք մեր հպարտությունն եք, և առանց ձեզ, առանց ձեր նմանների անհնար է ունենալ ամուր պետություն և լավ հասարակություն: Գոնե այնպիսի պետություն և հասարակություն, ինչպիսին մենք ցանկանում ենք ունենալ: Ես շնորհավորում և շնորհակալություն եմ հայտնում բոլոր մեդալակիրներին: Սա ձեր առաջին լուրջ հաջողությունն է կյանքում, և ես համոզված եմ, որ ձեզնից յուրաքանչյուրն անպայման տրամադրված է զարգացնելու այդ հաջողությունը»-իր ողջույնի խոսքում նշել է երկրի ղեկավարը:
ՀՀ նախագահը համոզմունք է հայտնել, որ երեխաները ընդունվելով բարձրագույն ուսումնական հաստատություններ, ավելի համառորեն եք շարունակելու գիտելիքի ոլորտում ձեր առաջընթացը:
«Դուք հասուն կյանք եք մտնում գիտելիքի լուրջ պաշարով, ինչն, իհարկե, մեծ առավելություն է, և կարծում եմ, որ տրամադրված պետք է լինեք ձեր նկատմամբ առանձնակի վերաբերմունքի` ոչ միայն հարգանքի, ոչ միայն սիրո, այլ նաև ավելի մեծ պահանջներ ներկայացնելու, որովհետև ձեր նկատմամբ պետք է այդպիսի պահանջներ ներկայացվեն: Ում շատ է տրված` նրանից ավելի շատ է պահանջվում, և դուք դրանից չպետք է նեղսրտեք, այլ պետք է ընդունեք դա որպես իրողություն: Կարծում եմ` այս պարագայում հաջողությունն անկասկած ձեր կողմնակիցն է լինելու»,-շեշտել է Ս. Սարգսյանը:
Նախագահը հատկապես շնորհակալություն է հայտնել «Կենգուրու» օլիմպիադայում հաղթածներին: Սեպտեմբերի մեկի` գիտելիքի օրվա նախօրեին երկրի ղեկավարը նաև շնորհավորել է աշակերտներին, ուսուցիչներին, ծնողներին ու մեր հանրությանը:
«Գիտելիքն ուժ է` շատ մեծ ուժ, իսկ մենք, մեր երկիրը կարիք ունի այդպիսի ուժի: Ուզում եմ, որ բոլորիդ համար շատ հստակ և պարզ լինի` մեր վաղվա օրը չափվելու է ձեր և ձեր նմանների մասնակցության աստիճանով, մեր վաղվա օրը կախված է նրանից, թե դուք ինչքանով կարող եք ձեր այսօրվա և հետագայում ստանալիք գիտելիքները արդյունավետ օգտագործել կյանքում»,-հիշեցրել է ՀՀ նախագահը:
Հանրապետության ղեկավարը, ուսման մեջ բարձր առաջադիմություն ցուցաբերած աշակերտներին և բուհ ընդունված երիտասարդներին մեր երկրի ներկայի ու ապագայի, իրենց ուսումնառության հետագա ծրագրերի մասին բաց և անկաշկանդ զրույցի է հրավիրել`պատրաստակամություն հայտնելով պատասխանել նաև նրանց հետաքրքրող հարցերին:
Հանդիպման ավարտին Նախագահ Սերժ Սարգսյանը 2009-2010 ուսումնական տարվա մեդալակիր շրջանավարտներին և «Կենգուրու» մրցույթի հաղթողներին հանձնել է նրանց մեդալներն ու պարգևները, նաև` հուշանվերներ:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան