Սերժ Սարգսյան. Մենք խրախուսում ենք արտերկրում սովորողներին… իսկ այստեղ սպասելու ենք
«Մասնագետների փոխայցելություններն ու շփումները, այդ թվում` առողջապահության ոլորտում, իրենց մեջ ոչ միայն որևէ վտանգ, որևէ վատ բան չեն պարունակում, այլև օգտակար են, քանի որ ժամանակակից աշխարհում պարփակվել, փորձել ամեն ինչ ինքնուրույն անել` ճիշտ չէ: Այլ խնդիր է, որ մենք պետք է կարողանանք շփվել մեր գործընկերների հետ որպես հավասարը` հավասարի: Եվ եթե մեր բժիշկները, իսկ մենք ունենք բազմաթիվ բժիշկներ, ովքեր այս չափանիշներին համապատասխանում են, կարողանան շփվել իրենց գործընկերների հետ, դրանից միայն օգուտ կստանանք: Այնպես որ, մաղթում եմ, որ համալսարանում ուսանելու տարիներին ձեռք բերես գիտելիքներ, այնուհետև դառնաս լավ մասնագետ և մեր երկիրն արժանապատվորեն ներկայացնես այդ շփումներում»,- նախագահի նստավայրում այսօր հյուրընկալված ՀՀ հանրակրթական դպրոցների 2009-2010 ուսումնական տարվա մեդալակիրներին, միջազգային առարկայական օլիմպիադաներում պարգևների արժանացած դպրոցականներին և մաթեմատիկայի «Կենգուրու» մրցույթի հաղթողներին մեդալների և պարգևների հանձնման արարողությունից հետո, բժշկի մասնագիտությունն ընտրած և արդեն Մ. Հերացու անվան բժշկական համալսարան ընդունված ուսանողներից մեկը հետաքրքրվել է արտերկրից մասնագետներ հրավիրելու երևույթի մասին:
Նախագահի տեսակետը պարզել ցանկացող ուսանողի հարցին Սերժ Սարգսյանը պատասխանել է, թե միանգամայն նորմալ երևույթ է, անգամ` անհրաժեշտություն արտերկրում կրթություն ստանալը, հատկապես` որոշ մասնագիտությունների գծով, որոնց կարելի է տիրապետել միայն արտերկրում. «Նույնիսկ Հայաստանում սովորածներին և ավարտածներին մեկ-մեկ խորհուրդ եմ տալիս վերապատրաստում անցնել նաև արտերկրում: Մենք խրախուսում ենք արտերկրում սովորողներին և պատահական չէ, որ այստեղ` նախագահական նստավայրում, հանդիպումներ ենք ունենում բոլոր այն ուսանողների հետ, ովքեր սովորում են արտասահմանի առաջնակարգ ուսումնական հաստատություններում: Մենք շատ շատերի համար սահմանում ենք կրթաթոշակներ: Մի բան ակնհայտ է` եթե կարելի է նույն մասնագիտությունը նույն որակով ստանալ թե´ Հայաստանում, թե´ արտերկրում, իհարկե, նախընտրելի է սովորել Հայաստանում: Իսկ եթե այդ հնարավորությունները մենք չունենք, միայն կարելի է ողջունել և խրախուսել արտերկրում կրթություն ստանալը: Սակայն շատ կարևոր է, որ գիտելիք ստանալուց հետո վերադառնաք հայրենիք: Եթե ստացած գիտելիքները հնարավոր չէ հայրենիքում կիրառել, ապա որևէ վատ բան ես չեմ տեսնում, որ երիտասարդ մասնագետը, իր գիտելիքները փորձի կիրառել արտերկրում, այնուհետև վերադառնա Հայաստան: Այդպիսի դեպքեր էլ են լինում: Ես ասացի, որ մեր արմատներն այստեղ են, մեր հայրենիքն այստեղ է, և յուրաքանչյուր հայ պետք է մշտապես մտածի, թե ե՞րբ է վերադառնալու իր արմատներին, ե՞րբ է վերադառնալու հայրենիք, որովհետև հայրենիքը միշտ սպասում է իր զավակներին: Նորից եմ կրկնում, եթե մարդ իր տաղանդն ամբողջովին չի կարողանալու դրսևորել իր հայրենիքում, որևէ խնդիր այստեղ չկա: Ես կարող եմ մի պարզ օրինակ բերել` կարող է լինել մասնագիտություն, լինել գիտության ճյուղ, որը Հայաստանում զարգացած չէ, չունի համապատասխան լաբորատորիաներ, համապատասխան պայմաններ: Այս դեպքում շատ նորմալ երևույթ կլինի: Բայց երբ մեր երիտասարդներն արտերկրում կատարում են աշխատանք, որ Հայաստանում էլ կարելի է անել, այդ պարագայում ես չեմ հասկանում այն հայ երիտասարդներին, ովքեր մնում են արտերկրում: Այնպես որ, շատ հանգիստ կարող ես սովորել, գիտելիք ձեռք բերել: Իսկ այստեղ սպասելու ենք, որ վերադառնաս Հայաստան և քո գիտելիքն օգտագործես ի նպաստ մեր ժողովրդի»,- ասել է Նախագահը: