Հնագիտական հայտնագործություններ` Վանում
Ինչպես տեղեկացնում է «Էրմենիհաբեր» (Ermenihaber) լրատվական կայքը, օրերս Թուրքիայում Վանի ամրոցի հետնամասում պեղված հին քաղաքի կենտրոնում արված հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերվել են 1900-ական թվականների հայ և մահմեդական բնակչության համատեղ օգտագործման շինություններ:
Հնագիտական պեղումները ղեկավարող Շահաբեթթին Օզթուրքը, նշելով, որ այս պեղումների արդյունքը շրջանի համար մեծ կարևորություն է ներկայացնում, ասել է . «Այս տարածքը 1915 թվականից ի վեր հողի տակ է մնացել: Քառասուն օր է, ինչ այստեղ հնագիտական պեղումներ ենք իրականացնում: Շինությունների մեծ մասը արդեն դուրս ենք հանել»:
Ենթադրվում է, որ քաղաքը բաղկացած եղել շուրջ 13 թաղամասից: 30000-անոց բանկչության մի մասը քրիստոնյա հայեր են եղել, մի մասը` մուսուլմաններ:
Օզթուրքը, խոսելով տարածքի առանձնահատկությունների մասին , ասում է «Չելեբիի մզկիթից 20 մետր հեռավորության վրա պեղված եկեղեցին ապացույցն է այն բանի, որ ժամանակին այս տարածքում լիբերալիզմ է եղել: Հայտնաբերվել են նաև իջևանատներ, որոնք համատեղ օգտագործվել են թե քրիստոնյաների, թե մուսուլմանների կողմից»:
Օզթուրքը նաև նշել է, որ պեղումների արդյունքում հայտնաբերված շինությունները վերականգնվելով և խնամքի տակ առնվելով` կգրավեն զբոսաշրջիկների ուշադրությունը: