ԵԱՀԿ Բաքվի գրասենյակն Ադրբեջանում հեղաշրջո՞ւմ է նախապատրաստում
Ադրբեջանի «Սավրիմեննի մուսավաթ» («Современный мусават») պրոիշխանական կուսակցությունը Բաքվում՝ ԵԱՀԿ գրասենյակի առաջ բողոքի ակցիա է կազմակերպել՝ պահանջելով ետ կանչել գրասենյակի ղեկավար Բիլգ Ջանկորելյային:
Այս մասին տեղեկացնում է «Թուրան» լրատվական գործակալությունը:
«Սավրիմեննի մուսավաթ» կուսակցության ղեկավար Խաֆիզ Գաջիևը ԵԱՀԿ Բաքվի գրասենյակին մեղադրել է սպասվող ընտրությունների նախաշեմին՝ պետական հեղաշրջում կազմակերպելու մեջ: Վերջինս նշել է, որ հենց այդ համատեքստում է գրասենյակի կողմից, արմատական խմբավորումների հետ, գաղտնի հանդիպումներ կազմակերվել:
Կուսակացության առաջնորդը ԵԱՀԿ Բաքվի գրասենյակին մեղադրել է նաև կուսակցությունների միջև խտրականություն դնելու և տարբեր մոտեցումներ ցուցաբերելու համար: Կուսակցության համախոհները բողոքի նամակը հանձնել են ԵԱՀԿ Բաքվի գրասենյակին:
Իր հերթին, ԵԱՀԿ Բաքվի գրասենյակից նշել են, որ իրենք հարգում են Ադրբեջանի քաղաքացիների՝ ազատ հավաքների իրավունքը, սակայն իրենց հասցեին հնչած մեղադրանքներն այդպես էլ չեն մեկնաբանել:
Նշենք, որ «Սավրիմեննի մուսավաթ» կուսակցությունն իրեն համարում է ընդդիմադիր կուսակցություն, սակայն ամբողջովին պաշտպանում է Իլհամ Ալիևի վարած ներքին և արտաքին քաղաքականությունը: