Բեգլարյան. Իմ առաջին սեպտեմբերի 1-ը ինձ համար հեքիաթային օր էր
«Իմ առաջին սեպտեմբերի 1-ը ինձ համար հեքիաթային օր էր: Ես կարծում եմ, որ սեպտեմբերի 1-ին առաջին անգամ բոլորս դպրոց ենք մտել առանց հասկանալու, թե ինչո՞ւ ենք ուրախ և ո՞ւր ենք եկել: Հետո արդեն տարիներ անց հասկանում ենք, որ առաջին դասարանից է սկսվում կյանքի դպրոցը, դա առաջին կարևոր քայլն է դեպի մեծ կյանք»,-ասել է քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը լրագրողների հետ ճեպազրույցում:
Սեպտեմբերի 1-ի` գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ նա այցելել է ԵՊՀ-ին կից Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ թեքումով դպրոց: Նա Ֆիզմաթ դպրոցի շրջանավարտ է:
«Սեպտեմբերի 1-ը իսկապես ամենակարևոր տոներից է, քանի որ մեր երեխաների ապագան կապում ենք դպրոցի հետ, որի գլխավոր խորհրդանիշը, բոլոր ժամանակներում յուրաքանչյուրիս համար եղել է սեպտեմբերի 1-ը: Ես համոզված եմ, որ այս սերունդը լինելու է գիտելիքների ավելի մեծ պաշարով զինված սերունդ և անելու է այն ինչը, մենք, գուցե, չենք կարող անել: Շնորհավորում եմ նաև ուսուցիչներին և մաղթում, որ նրանք ձևավորեն պետության և պետականության արժեքը գնահատող քաղաքացիներ»,-ասել է Բեգլարյանը:
Նշենք, որ Ա. Շահինյանի անվան դպրոցն այս տարի տոնում է հիմնադրման 45 ամյակը: Այստեղ սովորում են 7-12-րդ դասարանների աշակերտներ: Անկախ կրթական բարեփոխումներց դպրոցում տարիներ շարունակ կիրառվել է ավագ դպրոցի մոդելը: Անցյալ տարի ֆիզմաթցիները հանրապետական և միջազգային օլիմպիադաներում բարձր արդյունքներ են ցուցաբերել:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ քաղաքապետը հարազատ դպրոց դատարկաձեռն չէր եկել, նա դպրոցին մագնիսական շախմատ-գրատախտակներ նվիրեց: