«Դպրոցական դասագիրքն աշակերտին չի նախապատրաստում կյանքին»
Դպրոցական դասագիրքն աշակերտին չի նախապատրաստում կյանքին, այլ նախապատրաստում է տվյալ առարկային:
Ասուլիսում նման կարծիք հայտնեց «Զանգակ-97» հրատարակչության գլխավոր տնօրեն Սոկրատ Մկրտչյանը:
Նա առանձնացրեց դասագրքերից ստացած գիտելիքների երկու խումբ. «Բոլոր դասագրքերն ընդգրկում են այն գիտելիքների պաշարը, որը հետագայում կբավարարի աշակերտին այդ առարկայի գծով խորանալու կամ բուհ ընդունվելու համար: Ինչ վերաբերում է գիտելիքների այն պաշարին, որ աշակերտը կիրառի առօրեայում` շրջակա աշխարհը ճանաչելու, օգտվելու, օգտագործելու համար, այս տեսակետից մեր դասագրքերը հետ են մնում»:
Ս. Մկրտչյանն ասաց, որ իրենք այս տարի գրեթե ավարտել են 12-ամյա դպրոցի դասագրքերի հրատարակման աշխատանքները, մնում է միայն մի քանիսը: Բանախոսը միաժամանակ ասաց, որ այս տարվա գրքերը, նախորդ տարիների համեմատ, ավելի որակյալ են:
Ինչ վերաբերում է այն խնդրին, որից այժմ հաճախ են ծնողները բողոքում` դասագրքերում ինֆորմացիան շատ է ու երեխան չի կարողանում այն ամբողջությամբ ընկալել, Ս. Մկրտչյանն ասաց. «Այո, նոր դասագրքերում ինֆորմացիան չափից շատ է, ինչը գալիս է պետական ծրագրերից ու մշակված չափորոշիչներից: Դասագրքի հեղինակը պարտավոր է հետևել այդ ծրագրերին, որտեղ նշված է, թե երեխան ավարտելով տվյալ դասարանը, ինչ գիտելիքի պետք է տիրապետի»:
Նա նաև տեղեկացրեց, որ նախարարի հրամանով 7-րդ դասարանի հայոց լեզու, երկրաչափություն և մի շարք այլ գրքերի վերահրատարակումները դադարեցվել են այս տարի: Մինչև դեկտեմբեր մասնագետների, շահագրգիռ կողմերի մասնակցությամբ պետք է բեռնաթափվի միջին դպրոցի ուսումնական ծրագիրը ու արդեն հաջորդ տարվա սեպտեմբերին միջին դասարանների համար հրատարակված դասագրքերը բեռնաթափված կլինեն:
Պատասխանելով այն հարցին, թե մեր դասագրքերը համապատասխանո՞ւմ են միջազգային չափանիշներին, նա ասաց, որ այո, բնագիտական առարկաների դասագրքերը մրցունակ են նույնիսկ արտասահմանյան առաջատար երկրների համապատասխան դասագրքերի հետ ու ոչնչով հետ չեն մնում: