10 հազար համալսարանների շարքում ԵՊՀ-ն 4826-րդն է
Աշխարհի 10 հազար համալսարանների շարքում Երևանի պետական համալսարանը գրավում 4826-րդ տեղը: Ի տարբերություն տարածաշրջանների երկրների համալսարանների` ԵՊՀ-ն վարկանշային ցուցակում գրավում է բավականին ցածր դիրք:
Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի վարիչ, դոկտոր, պրոֆեսոր Սիներիկ Հայրապետյանը:
Ս. Հայրապետյանը ԵՊՀ-ի` վարկանշային ցուցակում 4826-րդ տեղում հայտնվելու պատճառը կապում է համապատասխան օրենսդրական դաշտի բացակայության հետ. «Մեզ մոտ վիճակը շատ վատ է: Մեր անկախության առաջին տաս տարում ավերվել է գիտությունը առանց օրենքների, իսկ 2000-ական թվականներին ընդունված կրթության ոլորտի օրենքները, հետամնաց օրենքներ են: Անհրաժեշտ է ամբողջ ազգային ներուժը գործի դնել»,- ասաց նա:
Վարկանիշային սանդղակում տեղ գրավելու համար հաշվի են առնում, թե տվյալ համալսարանը որքան տպագրական նյութեր է տալիս բարձր վարկանիշ ունեցող ամսագրերին, բուհի անձնակազմը ինչ պարբերականությամբ է ներկայացնում տվյալ համալսարանը միջազգային գիտաժողովներին և այլն:
Ասուլիսին ներկա ԱԺ գիտության ու կրթության հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանն ասաց, որ 4826-րդ հորիզոնականը միջին ցուցանիշ է: