Փոխվարչապետը եղել է Հրազդանի ու Դիլիջանի դպրոցներում
Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր այցելել է Հրազդանի թիվ 13 ավագ դպրոց: Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանի հետ ներկա է գտնվել ուսումնական տարվա մեկնարկի հանդիսավոր արարողությանը:
Փոխվարչապետը շնորհավորել է սաներին և մանկավարժներին` հատկապես ընդգծելով ավագ դպրոցի դերը հանրապետությունում իրականացվող կրթական բարեփոխումների, աշակերտների հետագա մասնագիտական կողմնորոշման աջակցման հարցերում:
Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի տեղեկացմամբ, ուսումնական տարվա նորամուտի առիթով փոխվարչապետը եղել է նաև Դիլիջանի թիվ 6 դպրոցում. ներկա էին նաև մարզպետ Արմեն Ղուլարյանը և Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի (ՀՍՆՀ) գործադիր տնօրեն Ա. Կիրակոսյանը: Դպրոցն այս տարի աշակերտներին ներկայանում է նոր մարզադահլիճով, որը հիմնանորգվել է ՀՍՆՀ միջոցներով, իր 10 տոկոս մասնակցությունն է ունեցել նաև համայնքը:
Ա. Գևորգյանը ընդգծել է մարզերում բարեկարգ և ուսումնական գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ բոլոր պայմաններով ապահովված դպրոցների առկայությունը` կարևորելով նաև նմանատիպ նախագծերին համայնքների մասնակցությունը:
Դիլիջանի թիվ 6 դպրոցի հիմնական մասնաշենքը ևս վերանորոգման կարիք ունի ու ընդգրկված է ՀՍՆՀ-ի ծրագրում: ՀՍՆՀ գործադիր տնօրենը և Տավուշի մարզպետը փոխվարչապետի հետ քննարկել են ծրագրի իրականացման համար անհրաժեշտ համաֆինանսավորման հետ կապված հարցեր: