Պաշտպանության նախարարն արիության դաս անցկացրեց
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր Չեխովի անվան թիվ 55 դպրոցի տասնմեկերորդցիների համար արիության դասընթաց անցկացրեց:
Նախարարը աշակերտներին խորհուրդ տվեց ժամանակ չկորցնել ու լավ, ամուր գիտելիքներ ստանալ մասնագիություն ընտրելուց առաջ:
Ս. Օհանյանն ասաց, որ կրթության, գիտության և պաշտպանության նախարարների համատեղ հրամանի համաձայն, հանրապետության դպրոցները կցված են զորամասերին: Դրա նպատակն, ըստ նրա, մեկն է, որ դպրոցականները մուտք գործեն զորամասեր, ծանոթանան ու պատրաստ լինեն զորամասային կյանքին:
«Գիտելիքներով օժտված մարդիկ անպարտելի են»,-նկատեց նա:
Նախարարը դասի ընթացքում անդրադարձավ Հայոց պատմության էջերին, առանձնացնոլով վերջին ժամանակահատվածը, անդրադարձավ Արցախյան գոյապայքարին, որը մաս է կազմել ազգային ազատագրական շարժմանը:
Սեյրան Օհանյանը նկատեց, որ հայը միշը ստիպված է եղել պայքարել ու միասնական ջանքերով կարողացել է ավելի լավ դիմագրավել այն սպառնալիքներին, անվտանգության այն միջավայրին, որը ստեղծվել է հայրենիքի շուրջ:
Ս. Օհանյանը նշեց, որ բանակում լուրջ ուշադրություն է դարձվում մարդկային գործոնի վրա: «Մենք գտնում ենք, որ որտեղ բացակայում է մարդկային գործոնը, այնտեղ չկա ոգի, դիմացինին օգնելու պատրաստակամություն, ինքնավստահություն սեփական ուժերի նկատմամբ: Այդ գործոնն է, որ հրամանատարների ու ենթակաների միջև փոխադարձ հարգանքի, պատասխանատվության զգացողություն է բերում»,-ասաց նախարարը:
Նախարարը դպրոցին նվիրեց Զինված Ուժերին ուղղված վերջերս իր գրած «Հրամանատարը` զինվորի ավագ ընկեր» ուղերձն ու իր հեղինակած «XXI դարի բանակը» վերնագրով գիրքը: