Պոլիտեխնիկում այսօր տոնական տրամադրություն էր. Շնորհավորեցին միմյանց, մեդալներ ու դիպլոմներ հանձնեցին
Այսօր Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում տոնական տրամադրություն էր: Նոր ուսումնական տարին սկսվեց ղեկավարության, պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հանդիպումով ու միմյանց շնորհավորելով:
Գիտելիքի օրվա և ուսումնական տարվա մեկնարկի առիթով շնորհավորելով ուսանողներին` բուհի ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանը ներկայացրեց բոլոր այն առանձնահատկություններն ու առավելությունները, որոնք բուհը մատուցում է իր ուսանողներին:
«Պոլիտեխնիկը ոչ միայն մասնագիտական կադրերի դարբնոց է, այլև մեր պետության, մեր ժողովրդի կյանքում առանձնահատուկ նշանակություն ունեցող հաստատություն է, որի վկան այն արժանավոր շրջանավարտներն են, որոնք այսօր էլ շարունակում են ծառայել մեր ժողովրդին և պետությանը` պետական, քաղաքական հասարակական գործիչները, ինչու՞ չէ, նաև մշակույթի և արվեստի շատ գործիչներ»,- ընդգծեց Ո. Մարուխյանը:
«Պոլիտեխնիկական ինստիտուտն ավարտելուց հետո` անկախ նրանից, թե դուք կյանքի որ բնագավառում կլինեք, որտեղ կլինեք, կաշխատեք ձեր մասնաիգիտությամբ, թե կհայտնվեք մեկ այլ ոլորտում, հիշեք, որ պոլիտեխնիկը ձեզ տալու է մի շատ կարևոր գիտելիք և ունակություն` այն մտածելու և գործելու ալգորիթմն է` ինժիներական մտածողությունը, որը միայն այստեղ կարող եք ստանալ»,- ասաց բուհի շրջանավարտ, այժմ ԱԺ փոխնախագահ, , ՀՊՃՀ խորհրդի նախագահ Սամվել Նիկոյանը:
Համալսարանի ռեկտորը ԵՊՃՀ-ի բարձրագույն հուշամեդալ` ոսկե մեդալ հանձնեց բուհի վաստակավոր դասախոսներին: Բացի այդ` բուհի լավագույն շրջանավարտների ավարտական դիպլոմները հանձնվեցին հանդիսավոր կարգով:
Ո. Մարուխյանն ասաց, որ այս տարի այնքան էլ գոհ չէ ընդունելությունից, գնահատականները բավականին ցածր էին, ընդունվողները` քիչ:
« Անցած տարի մենք ընդունեցինք 1520 ուսանող, ցավոք, այս տարի այդ թիվը կանգ առավ 1221-ի վրա»,- ասաց նա, ավելացնելով, որ բացը լրացնելու համար մի շարք միջոցառումներ են ձեռնարկվել:
«Այժմ իրականացնում ենք հեռակա ուսուցման համակարգում ընդունելություն: Նախատեսում ենք շուրջ 500 ուսանողի ընդունելություն, բայց, հուսով եմ, որ մրցույթը մեծ կլինի, քանի որ այս պահի դրությամբ դիմորդների թիվը գերազանցում է 350-ը, իսկ մենք դիմումներ ընդունելու ենք մինչև ամսվա վերջ»,- մանրամասնեց բուհի ռեկտորն ու հավելեց. «Բացառված չէ, որ այս ընդունելությունը մի փոքր կմեղմի առկա ուսուցման համակարգում ուսանողների պակասը»:
Նշենք, որ այս ուսումնական տարում ՀՊՃՀ մասնագիտությունների ցանկին ավելացել է ևս մեկը` «Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում»: Ընդհանուր առմամբ բակալավրական կրթական ծրագրով կատարվել է ընդունելություն 36 մասնագիտությունների գծով: