Ուսումնական տարին մեկնարկեց. «Զգուշացե՛ք, երեխաներ են»
Այսօր գիտելիքի օրն է, ուսումնական տարվա սկիզբը: Հանրապետության դպրոցներն այս տարի կունենան ընդհանուր առմամբ 37 039 առաջին դասարանցիներ: Այս տարի մասնավորապես նորամուծություն է ուսուցիչների երդման արարողությունը, որի ժամանակ նրանք երդվելու են «պատվով կրել Ուսուցչի բարձր և վեհ կոչումը, ստացած գիտելիքները, ստեղծագործական ողջ ներուժն ու հոգու ջերմությունն ամբողջությամբ նվիրել երեխաների կրթության և դաստիարակության գործին, լինել արդարամիտ, բարի…»:
Քաղաքային իշխանությունների տվյալներով, Երևանում հաշվառված է անապահով ընտանիքների 1-ից 4-րդ դասարան հաճախող 4445 երեխա, որոնց բաժանվել են պայուսակներ ու գրենական պիտույքներ: Ինչպես տեղեկացնում են քաղաքապետարանի լրատվական ծառայությունից, նախօրեին քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ սոցիալական ապահովության վարչության պետը զեկուցել է, որ ուսումնական նոր տարվա կապակցությամբ քաղաքապետի հանձնարարությամբ Երևանի նպաստառու ընտանիքների 1474 երեխաների առաջին դասարան հաճախելու կապակցությամբ, որպես պետական սոցիալական աջակցություն, կհատկացվի 25 հազարական դրամ միանվագ նպաստ:
Առողջապահության վարչության պետն իր հերթին զեկուցել է, որ բոլոր դպրոցներն ապահովված են առաջին բուժօգնության անհրաժեշտ դեղորայքով և պարագաներով: Համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչները վստահեցրել են, որ խնդիրներ չկան նաև ջրամատակարարման և էլեկտրամատակարարման առումով:
Մայրաքաղաքի դպրոցներ հաճախող երեխաների անվտանգությունը քաղաքի ճանապարհներին այսօրվանից տասն օր շարունակ «Զգուշացե՛ք, երեխաներ են» միջոցառման շրջանակներում ապահովելու են ճանապարհային ոստիկանության պատասխանատուները: