ՊՆ վարչության պետ. Ադրբեջանական կողմը ստում է սեփական ժողովրդին՝ թաքցնելով զոհերի իրական թիվը
Ադրբեջանի կողմից Չայլու գյուղի ուղղությամբ ադրբեջանական դիվերսիոն խմբի ներթափանցման փորձի առնչությամբ Panorama.am-ը զրուցեց ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակության հետ կապերի վարչության պետ, գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանի հետ:
«Ինչպես արդեն տեղեկացրել էինք, սույն թվականի օգոստոսի 31-ին, ժամը 06.30-ի սահմաններում, Չայլու գյուղի վերին հատվածի հյուսիս արևելյան ուղղությամբ, ադրբեջանական դիվերսիոն խումբ է փորձել ներթափանցել (թվով 7-8 մարդ), ինչը նկատվել է հայ դիրքապահների կողմից և զեկուցվել հրամանատարին: Ինչից հետո, հրամանատարը՝ դիրքը մարտական վիճակի բերելուց հետո թույլ է տվել, որպեսզի դիվերսիոն խումբը մոտենա դիրքին, և իրենք կարողանան ամբողջովին կրակի գոտում պահել դիվերսանտներին:
Այնուհետև կրակի մեջ առնվելով՝ ադրբեջանցի դիվերսանտները խուճապի են մատնվել և սկսել են աջ ու ձախ կրակել: Հայ դիրքապահների արձակած կրակի արդյունքում ադրբեջանցիները մի շարք զոհեր և վիրավորներ են տվել և ետ քաշվել: Ադրբեջանական դիրքերից հեռահար կրակով սկսել են աջակցել դիվերսիոն խմբի նահանջը, ինչի արդյունքում դիրքապահներից մեկը՝ Ռուդիկ Թովմասի Մանասերյանը թեթև վիրավորվել է, սակայն նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Ադրբեջանական կողմն իր զոհերի մի մասը քարշ տալով տարել է, իսկ մի մասին թողել չեզոք գոտում և փախել: Իրենց ժողովրդին հանգստացնելու համար, ողջ երկրով մեկ՝ իշխանությունների դուդուկի տակ նույն երգն են երգում, իբրև թե հայերն են զոհեր տվել, այլ ոչ թե ադրբեջանցիները:
Նրանք ստում են, երբ լրատվամիջոցներով տարածում են, թե հայերը զոհ են տվել, նրանց տարածած տեղեկատվությունն ընդհանրապես իրականությանը չի համապատասխանում: Ադրբեջանցիներն իրենց զոհերին կանխամտածված թաքցնում են: Նրանց զոհերն այնքան շատ են եղել, որ նույնիկ նրանք չեն կարողանում քողարկել և արդեն 2 զոհի մասին պաշտոնապես տեղեկություն են տարածել:
Նրանք իրենզ զոհերին, պարզ է, թե ինչու են թաքցնում, իրենք չեն ցանկանում սեփական ժողովրդի ցասմանն արժանանալ: Դա իրենց որդեգրած քաղաքականությունն է՝ հնարավորին քողարկել բանակում առկա խնդիրներն ու զոհերը՝ սուտը ճշմարտության տեղ ներկայացնեն:
Եթե իրենք ԶԼՄ-ով տեղեկություններ են տարածում հայկական կողմի զոհերի մասին, ապա չեն մտածո՞ւմ թե հայերն ինչի՞ համար պետք է թաքցնեն իրենց զոհերին կամ ո՞ւմից պետք է թաքցնեն: Այս պահի դրույթամբ, ադրբեջանական կողմում արձանագրված զոհերի և վիրավորների իրական թվի վերաբերյալ ճշգրտումներ են իրականացվում և կարծում եմ, որ հետագայում ստույգ թիվը հայտնի կդառնա:
Այժմ կարող եմ ասել, որ նրանք 3-4 զոհ ունեն, նույնքան էլ վիրավոր, և եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ վիրավորներից մեկը ևս մահացել է, կարող ենք ասել, որ դիվերսիոն խումբն ամբողջովին ոչնչացված է: Այդ մասին մենք տեղեկութուններ ունենք, սակայն դրանք դեռևս ճշտվում են»: