Երևանի ֆուտբոլային ակադեմիան խոշորագույնն է Անդրկովկասում
2007 թ. հոկտեմբերին ՖԻՖԱ-ի, ՈՒԵՖԱ-ի և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահներ Յոզեֆ Բլատտերը, Միշել Պլատինին և Ռուբեն Հայրապետյանը դրեցին Հայաստանի ազգային հավաքականների տեխնիկական կենտրոնի առաջին քարը: Անցել է մոտ 3 տարի, և արդեն այսօր տեղի ունեցավ ակադեմիայի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին, Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը, կառավարության անդամներ, ՀՖՖ գործկոմի անդամներ, հայաստանյան ֆուտբոլային ակումբների ղեկավարներ և այլոք:
Ակադեմիայում կմարզվեն 1000-ից ավելի երեխաներ, ովքեր ապագայում կհամալրեն մեր ազգային հավաքականները: Առկա ենթակառուցվածքների շնորհիվ նրանք կունենան կատարելագործվելու բոլոր պայմանները: Բացի այդ, մեր ազգային թիմերը գերազանց հնարավորություններ են ստանում` անցկացնելու պլանավորված ուսումնամարզական հավաքները:
Ազգային հավաքականների տեխնիկական այս կենտրոնը խոշորագույնն է Անդրկովկասում և լավագույններից մեկն է Եվրոպայում: Ազգային ու երիտասարդական հավաքականները, ի դեպ, արդեն սկսել են ուսումնամարզական հավաքներն ակադեմիայում:
Բացման հանդիսավոր արարաղության ընթացքում, անդրադառնալով կատարված աշխատանքներին, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարեց, որ, ընդհանուր առմամբ, ծախսվել է 12 մլն դոլար:
«Կատարվել է մեր բոլորիս երազանքը, և Հայաստանն այսօր ստացել է նման չքնաղ մարզական կառույց: Սա ժամանակակից կենտրոն է, որտեղ մեր հավաքականները կարող են կազմակերպել իրենց ուսումնամարզական հավաքները: Ես ուզում եմ ներկայացնել նաև, թե որքան միջոցներ են ներդրվել և ում կողմից` ակադեմիան կառուցելու համար: Հիմնական ներդրումները` 7 մլն 475 հազար ԱՄՆ դոլարի չափով, կատարել է ՈՒԵՖԱ-ն: Այլ կերպ ասած` Եվրոպական ֆուտբոլային գերատեսչությունը հատկացրել է ընդհանուր գումարի 62 տոկոսը: ՖԻՖԱ-ն հատկացրել է 400 հազար դոլար (3,3 տոկոս), իսկ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ծախսել է 4 մլն 125 հազար դոլար (34,4 տոկոս): Ընդհանուր առմամբ` ծախսվել է 12 մլն դոլար: Կառուցվել է 13 հազար քառ. մետր շինություն, 5 խաղադաշտ` լողավազաններով և այլն»,- հայտարարեց Ռուբեն Հայրապետյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին