Արմեն Աշոտյանն ընդունել է ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպանին
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հանս-Յոխեն Շմիդթին: Այս մասին տեղեկացանք ԿԳՆ պաշտոնական կայքից:
Նախարարը, շնորհավորելով բոլոր ներկաներին նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ, անդրադարձել է կրթության ոլորտում հայ-գերմանական հարաբերություններին առնչվող մի շարք խնդիրների: Մասնավորապես, խոսելով հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների մասին, Ա. Աշոտյանը նշել է, որ ավագ դպրոցների բարեփոխումներն ընթանում են ընդհանուր հայեցակարգային մոտեցումներով և այլևս անբեկանելի են: Նախարարն ընդգծել է, որ բարեփոխումների գործընթացում որպես կարևոր նպատակ հանդիսանում է նաև այն ծրագրերի պահպանումը, որոնք իրականացվում են միջազգային գործընկերների, այդ թվում նաև գերմանական կողմի հետ:
Դեսպանը, շնորհակալություն հայտնելով նախարարին ՀՀ դպրոցներում գերմաներենի դասավանդման ծրագրերին մշտապես աջակցելու կապակցությամբ, անդրադարձել է ՀՀ-ում գերմաներեն լեզվի իմացության վկայական տրամադրող դպրոցների խնդրին` նշելով, որ որոշակի գործընթացների արդյունքում դպրոցներից մեկն այս ուսումնական տարվանից դուրս է մնացել վերը նշված դպրոցների ցանցից: Հանս-Յոխեն Շմիդթը նշել է, որ նման որոշումը հեշտ չի կայացվել, այլ թեժ քննարկումների արդյունքում և որպես հիմնական պատճառ մատնանշել է տվյալ դպրոցում աշակերտների համապատասխան թվաքանակի բացակայությունը: Դեսպանը խնդրել է նախարարության աջակցությունը` տվյալ դպրոցի աշակերտների տեղափոխումն ավելի արագ և դյուրին դարձնելու խնդրում:
Անդրադառնալով նշված խնդիրներին` նախարարն իր հերթին նշել է, որ պետք է անել հնարավորը գերմաներենի դասավանդման ծրագրերը բարեփոխումների նոր համակարգին հարմարացնելու համար և համատեղ ջանքերով լուծել դասավանդման արդյունավետության խնդիրը: Ա. Աշոտյանն ընդգծել է, որ նշված դպրոցում աշակերտների արտահոսքը չի սահմանափակվում միայն թվաքանակի նվազմամբ. այն ունի նաև սոցիալական հետևանքներ` ֆինանսական միջոցների նվազում և որոշակի թվով ուսուցիչների կրճատում: Նա դիմել է դեսպանին` համատեղ ջանքերով մշակել ծրագրեր` մեղմացնելու սոցիալական հետևանքները և միաժամանակ ապահովելու գերմաներենի դասավանդման ավելի մեծ ծավալ: Նախարարն անդրադարձել է նաև Հալեի համալսարանում հայագիտական ամբիոնի խնդրին` նշելով, որ հայագիտական կենտրոնը 2011 թվականին կֆինանսավորի գերմանական կողմը, իսկ 2012 թվականին որոշակի համամասնությամբ նաև հայկական կողմը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կրթության և գիտության նախարարության պատվիրակության` ԳԴՀ այցի նախաշեմին երկու կողմերի ակնկալիքների և առաջարկությունների մանրամասներ, մասնավորապես, միջգերատեսչական, բուհական երկկողմանի հարաբերությունների և հայագիտության ամբիոնին առնչվող խնդիրներ:
Հանդիպման ավարտին քննարկվել են նաև Սաքսոնիա-Անհալթի երկրամասի և ՀՀ դպրոցների գործընկերությանը, ինչպես նաև ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտում Ռոստոկի համալսարանի և ԵՊՀ միջև համագործակցությանն առնչվող խնդիրներ: