Արթուր Աբրահամի և Կառլ Ֆրոչի մենամարտը կիսաեզրափակչի կարգավիճակ ունի
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի երկրորդ միջինքաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Կառլ Ֆրոչը BBC-ին տված հարցազրույցում հաստատել է այն տեղեկատվությունը, որ հոկտեմբերի 2-ին Արթուր Աբրահամի հետ կայանալիք մենամարտը «Super Six Boxing World Classic» մրցաշարի կիսաեզրափակիչը կլինի, և այդ մարտում կխաղարկվի նաև երկրորդ միջինքաշային կարգում WBC-ի վարկածով չեմպիոնի կոչումը, որից վերջերս հրաժարվել է գերմրցաշարի մասնակիցներից մեկը` Միկել Կեսլերը: Կիսաեզրափակիչ մյուս մենամարտում ուժերը կչափեն նույն քաշային կարգում WBA-ի վարկածով չեմպիոն ամերիկացի Անդրե Ուորդը և նրա հայրենակից Անդրե Դիրրելը:
«Արթուր Աբրահամի հետ մենամարտում կխաղարկվի WBC-ի վարկածով չեմպիոնի կոչումը,- ասել է Ֆրոչը:- Այն մրցաշարի կիսաեզրափակչի կարգավիճակ ունի: Ինձ համար դա լավ նորություն է: Մնացել ենք ես ու Աբրահամը և պետք է հանդիպենք ռինգում: Անդրե Ուորդն ու Անդրե Դիրրելը կազմել են կիսաեզրափակիչ մյուս զույգը: Այնպես որ, եզրափակիչ մարտը միացյալ կլինի WBC-ի և WBA-ի վարկածներով չեմպիոնական կոչումների համար: Արթուր Աբրահամի հետ մենամարտում ես պետք է կատարեմ իմ խնդիրը, այլապես ամեն ինչ կորած կլինի»:
Ֆրոչի խոսքերով` դանիացի Կեսլերը, ով վնասվածքի պատճառով հրաժարվել է չեմպիոնական կոչումից և գերմրցաշարին մասնակցությունից, իրավունք կստանա մենամարտել WBC-ի չեմպիոնի հետ այն բանից հետո, երբ կավարտվի մրցաշարը:
«Եզրափակիչ մարտից հետո Կեսլերը կմենամարտի WBC-ի վարկածով չեմպիոնական գոտու համար: Նա կդառնա WBC-ի պատվավոր չեմպիոն, ինչը նշանակում է, որ ես ու Աբրահամը պայքարելու ենք իմ նախկին կոչման համար: Ես կրկին հնարավորություն ունեմ դառնալ աշխարհի չեմպիոն, եթե ամեն ինչ ճիշտ անեմ, իսկ Կեսլերը իրավունք կստանա մենամարտել կոչման համար, քանի որ ինքնակամ է հրաժարվել դրանից»,- հայտարարել է Ֆրոչը:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին