Discovery հեռուստաընկերությունում պատանդներ վերցրած Լին մահացել է
Ամերիկյան Սիլվեր Սփրինգ (Silver Spring, Maryland) քաղաքում տեղակայված Discovery հեռուստաընկերությունում պատանդներ վերցրած Ջեյմս Լին այսօր առավոտյան մահացել է ստացած վնասվածքներից, տեղեկացնում է CNN-ը:
Ոստիկանության ներկայացուցիչ Թոմաս Մանգերը տեղեկացրել է, որ օպերատիվ հատուկ գործողությունների ժամանակ դիպուկահարները կրակել են Ջեյմս Լիի վրա և ստացած վնասվածքներից Լին հիվանդանոցում մահացել է, իսկ վերցված երեք պատանդները վնասվածքներ չեն ստացել:
43-ամյա Լիի և ոստիկանության հեռախոսային «բանակցությունները» պատանդներին ազատելու վերաբերյալ շարունակվել են շուրջ չորս ժամ:
Մերիլենդ նահանգի ոստիկանությունը հաղորդել էր, որ մի տղամարդ ինչ-որ տարրայով ու ատրճանակով մուտք է գործել Discovery հեռուստաընկերության շենք սեպտեմբերի մեկին ու վերցրել ոչ մեծ քանակի պատանդներ:
Ըստ աղբյուրի, Լին բազմիցս է բողոքել Discovery-ի հեռարձակած հաղորդումների դեմ: Ավելին, նա վերջերս բողոքի ակցիա է կազմակերպել հեռուստաընկերության շենքի դիմաց ու մի քանի օր պաստառներով կանգնել է հեռուստաընկերության շենքի դիմաց` պահանջելով փոխել շրջակա միջավայրի խնդիրների վերաբերյալ իր կարծիքով սխալ լուսաբանումը: