Մի խումբ ԱՄՆ կոնգրեսականներ մեկնելու են Թուրքիա
Թուրքիայի և Միացյալ Նահանգների հարաբերություններում սկսվում է «թևավոր դիվանագիտության» ժամանակաշրջանը: Այսպիսի բնորոշում է հրապարակել թուրքական «Վեբհաբեր» (Vebhaber) լրատվամիջոցը` ընդգծելով թե ինչպես են առաջիկայում նոր թափ ու թև ստանալու թուրք-ամերիկյան շփումները:
Ծրագրված է, որ նոյեմբերի 7-ին Վաշինգտոնից Ստամբուլ է ուղևորվելու կոնգրեսականներից ու լրատվամիջոցների ներկայացուցիչներից բաղկացած շուրջ 30 հոգանոց մի պատվիրակություն:
Նշվում է, որ այդ պատվիրակության կազմում լինելու են ինչպես թուրքական շահերին հետամտող, այնպես էլ հակաթուրքական լոբբինգ իրականացնող կոնգրեսականներ:
Թուրքիա ժամանելիք ամերիկացի պատվիրակներին ընդունելու է նախագահ Աբդուլլահ Գյուլը և վարչապետ Թայիփ Էրդողանը:
Ընդգծվում է, որ այդ տեսակ շփումները միտված են վերացնելու ԱՄՆ կոնգրեսում Անկարայի համար ստեղծված բացասական այն մթնոլորտը, որն առաջացել էր «Ազատություն» տորմիղի միջերկրածովյան միջադեպի ու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Իրանի դեմ պատժամիջոցներ կիրառելու նոր բանաձևին Թուրքիայի «ոչ» ասելուց հետո: