Բաքվում Մեդվեդևը մտադիր չէ խոսել Գյումրիում ռազմաբազայի տեղակայման երկարաձգման մասին
Այսօր երկօրյա պաշտոնական այցով Ադրբեջան է մեկնելու ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը, ով օրեր առաջ պետական այցով Հայաստանում էր: Հաղորդվում է, որ Բաքվում երկու երկրների ղեկավարները քննարկելու են երկկողմ ու միջազգային հարաբերություններին առնչվող հարցեր, որից «ամենաբարդը մնում է ԼՂ-ն»,-ընդգծում է «Վզգլյադ» պարբերականը: Ենթադրվում է, որ քննարկման առարկա է լինելու նաև Իրանի միջուկային ծրագիրը:
«Ռիա Նովոստի» գործակալությունը, վկայակոչելով Կրեմլի իր աղբյուրին, հայտնում է, որ այցի ընթացքում Մեդվեդևը չի նախատեսում խոսել Գյումրիում ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկետի երկարաձգման մասին:
Հիշեցնենք, որ Հայաստանի տարածքում ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկետի 49 տարով երկարաձգման մասին փոփոխություններ նախատեսող արձանագրությունը ստորագրվեց Երևանում` Մեդվեդևի այցի ժամանակ:
«Վզգլյադ»-ն իր ընթերցողներին հիշեցնում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունները լարված են ԼՂ չկարգավորված խնդրի պատճառով: «ԼՂ հակամարտության սկիզբը դրվեց 1988-ի փետրվարին, երբ հիմնականում հայերով բնակեցված ԼՂԻՄ-ը հայտարարեց Ադրբեջանական ՍՍՀ-ի կազմից դուրս գալու մասին»,-գրում է պարբերական ու հիշեցնում, որ զինված հակամարտության ժամանակ, երբ Ադրբեջանը փորձում էր պահել Ղարաբաղը, հայկական ջոկատները պաշտպանում էին տարածքի անկախությունը, 1994-ի մայիսի 12-ին հրադադարի ռեժիմ կնքվեց:
Հիշեցնենք, որ այսօր ԼՂՀ-ն տոնում է իր անկախության հռչակման տոնը:
Պարբերականը նաև իր ընթերցողներին պարզաբանում է, որ օրեր առաջ ստորագրված արձանագրությունում ասված է, որ ռուսական ռազմաբազանները բացի ՌԴ շահերի պաշտպանությունից, ապահովում են նաև Հայաստանի անվտանգությունը: Գործակալության անանուն զրուցակիցն ասել է, որ Ռուսաստանը մտադիր չէ պաշտպանել Հայաստանին Ադրբեջանից: Նա ասել է, որ ԼՂ խնդիրը բարդ է, իսկ հակամարտությունն այսօր մարած վիճակում է: «Առաջխաղացում կա, և հաջողվում է շարունակել աշխատանքը քաղաքական կարգավորման ճանապարհով»,-ասել է նա:
Նշենք, որ Ադրբեջան ացի ընթացքում Մեդվեդևին ուղեկցելու են նրա օգնականը` Սերգեյ Պրիխոդկոն, արտգործնախարար Սերգեյ Լավրովը, էներգետիկյաի նախարարը, մի քանի տարածաշրջանների ղեկավարներ, այդ թվում և Դաղստանի ու Ինգուշեթիայի, ինչպես նաև գործարարներ, այդ թվում «Գազպրոմ» Ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերը: