5 իրանցի թյուրքախոս ազերիներ մեղադրվում են հակապետական քարոզչություն իրականացնելու մեջ
Իրանի հեղափոխական դատարանը 5 իրանցի թյուրքախոս ազերիների մեղադրում է ազգային անվտանգությանը սպառնալու և պետական համակարգի դեմ հակաքարոզչություն կատարելու մեջ:
Այդ մասին հայտնում է «սավալանսեսի.քոմ» կայքը:
Համաձայն դատավորի մեղադրանքի` վերոնշյալ անձինք Արևմտյան Ազերբայջան նահանգի Միանդոաբ շրջանում «բնության օրվա» առթիվ կազմակերպված հանրային միջոցառման ընթացքում իրանցի թյուրքախոս ազերիների շրջանում իրականացրել են հակապետական քարոզչություն: Իսկ անցյալ ամիս Թավրիզի դատարանի կողմից հակակառավարական քարոզչություն իրականացնելու մեղադրանքով 6 իրանցի թյուրքախոս ազերիներ դատապարտվեցին ազատազրկման:
Նշենք, որ վերջին շրջանում պանթյուրքական ծայրահեղական խմբավորումներն ակտիվացրել են իրենց հակաիրանական գործողությունները: Հակաիրանական դիրքորոշում ունեցող իրանցի թյուրքախոս ազերիները նմանատիպ մշակութային միջոցառումներն ու ֆուտբոլային հավաքներն օգտագործում են պանթյուրքական գաղափարախոսության քարոզչություն իրականացնելու նպատակով: