Հարցերի տարափ` Դինքի ընկերներից Թուրքիայի իշխանություններին
Ինչպես տեղեկացնում է «Էրմենիհաբեր» (Ermenihaber) լրատվական կայքը, պոլսահայ ականովոր գործիչ, «Ագօս» թերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի ընկերներից Թամեր Նալջըն, Զեյնեփ Թանբայը , Գորա Փայլանը և Գյոքան Գյունեշը օրերս ասուլիս են հրավիրել Դինքի սպանության թեմայով:
Ասուլիսի ընթացքում Քեմալ Գյոքան Գյունեշը բոլորին կոչ է արել Դինքի սպանության գործով հարցեր ուղղել Թուրքիայի նախագահին, վարչապետին, ներքին գործերի, արտաքին գործերի և արդարադատության նախարարներին:
«Դա լինի էլեկտրոնային փոստով, ֆաքսով թե սովորական փոստով մենք մեր հարցերը կուղարկենք ու համաձայն օրենքի, 15 օրվա ընթացքում կսպասենք պետության պատասխաններին, ապա նորից ասուլիս կհրավիրենք»,- տեղեկացրել է Գյունեշը:
Բանախոսը մանրամասն ներկայացրել է այն բոլոր հարցերը, որոնք ուղարկվելու էին թուրք պաշտոնյաներին.
Նախագահ Գյուլին
2010 թվականի օգոստոսի 16-ին հայտարարեցիք, թե Դինքը սպանվեց, որովհետև նրա կյանքի համար անհրաժեշտ անվտանգության միջոցները չէին ձեռնարկվել: Ո՞րոնք էին այդ միջոցները, ո՞վ պետք է դրանք ձեռնարկեր: Չձեռնարկողները արդյո՞ք պատժվեցին: Ինչու՞ Պետական հետաքննիչ ծառայությանը չհանձնարարվեց զբաղվել Դինքի գործով:
Վարչապետ Էրդողանին
Հրանտ Դինքի սպանությունից հետո իրավական գործընթացների պատրվակով ձեռք բերված փաստաթղթերի և տեղեկությունների մեջ ոչ մի տեղ չի նշվում Ազգային Հետախուզական Ծառայության (ԱՀԾ) գործունեության մասին: Մի՞թե գործի հետ կապված ոչ մի հետախուզական աշխատանք չի տարվել: Եվ եթե չի տարվել, ո՞րտեղից այդ տեղեկությունները: Ամեն դեպքում եթե չի կատարվել հետախուզական որևէ աշխատանք, ԱՀԾ լիազորված անձինք արդյո՞ք դրա համար չեն ենթարկվելու պատասխանատվության:
Արտաքին գործերի նախարարին
Դինքի ընտանիքի կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարան ուղարկված պաշտպանական ճառի վերաբերյալ ասացիք, որ խորապես վշտացած եք: Իսկ ո՞վքեր են պատրաստել դա և ուղարկել առանց ձեր գիտության: Ո՞վ է կարդացել ու հաստատել այդ պաշտպանական ճառի բովանդակությունը: Պաշտպանության համար պատասխանատու անձի հետ կապված որևէ գործընթաց սկսվե՞լ է: Եթե սկսվել է, ո՞րն է դա, և եթե չի սկսվել, ապա` պատճառը:
Արդարադատության նախարարին
2004 թվականին Լեվենթ Թեմիզը «Ագօս» խմբագրության առջև հայտարարեց, թե Հրանտ Դինքն այսուհետև իրենց ատելության թիրախն է լինելու. «մի գիշեր առանց զգուշացնելու կգանք»: Հրապարակային այդ սպառնալիքներից հետո ոչ մի իրավական գործընթաց չսկսած Ստամբուլի Անվտանգության օրգանները և դատախազները արդյո՞ք ենթարկվեցին պատասխանատվության: Նախագահի այն հայտարարությունից հետո, թե Դինքը սպանվեց, քանի որ նրա անվտանգության համար անհրաժեշտ միջոցները չէին ձեռնարկվել, Ստամբուլի Անվտանգության ծառայության պարտավորությունների հետ կապված մի ուսումնասիրություն արվեց, և հայտարարվեց որ 6 ոստիկանի վերաբերյալ անհրաժեշտ է հետաքննություն սկսել: Սակայն Ստամբուլի Վճռաբեկ դատարանը ընդամենը մեկ դեմ ձայնով թույլ չտվեց, որ որևէ ոստիկանի հանդեպ հետաքննություն սկսվի: Սրա հետ կապված որևէ գործ հարուցվե՞լ է: Եթե այո, ապա ո՞րն է դա: Եթե ոչ, ո՞րն է պատճառը:
Ներքին գործերի նախարարին
Ուսւումնասիրության արդյունքում արձանագրվել է, որ Ստամբուլի անվտանգության մարմիններն իրենց պարտականությունները չեն կատարել, սակայն Ստամբուլի վճռաբեկ դատարանը մեկ դեմ ձայնով արգելեց որևէ ոստիկանի հետ կապված հետաքննություն սկսել: Այս տեսուչների մասով որևէ գործ հարուցվե՞լ է: Եթե այո, ո՞րն է դա: Եթե ոչ, ո՞րն է պատճառը:
Լրահոս
Տեսանյութեր
Լավագույն դրամատիկ տենորներից Արսեն Սողոմոնյանը համերգաշարով ցույց կտա՝ արվեստը չունի սահմաններ