Երևան-Մասիս-Արարատ ուղղության օպտիկամալուխային մայրուղու անցկացման աշխատանքներն ավարտվել են
Երևան-Մասիս-Արարատ ուղղության ինտերնետ մալուխի անցկացման աշխատանքներն արդեն ավարտվել են և այսօր Արարատ կայարանի կառամատույցում տեղի է ունեցել շնորհանդես: Այդ մասին տեղեկացնում են «Հարավկովկասյան երկաթուղիներ» (ՀԿԵ) ընկերության լրատվական ծառայությունից: ՀԿԵ-ից շնորհանդեսին ներկա է եղել գլխավոր ինժեներ Սերգեյ Հարությունյնաը, իսկ «GNC-Ալֆա» ընկերությանը միջոցառմանը ներկայացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը:
Նկատենք, որ օպտիկամալուխային մայրուղու կառուցումն իրականացրել է հենց «GNC-Ալֆա» ընկերությունը:
Երևան-Մասիս-Արարատ օպտիկամանրաթելային մայրուղու անցկացման աշխատանքներն սկսվել են այս տարվա գարնանը` համաձայն «GNC-Ալֆա» և ՀԿԵ-ի միջև ստորագրված համաձայնագրի:
Մայրուղին ընդհանուր առմամբ 50,5 կմ է, որը հնարավորություն կտա ապագայում այդ ուղղության վրա ներդնել տոմսերի ձևակերպման էլեկտրոնային համակարգ:
Սրան զուգահեռ այժմ անցկացվում են նաև օպտիկամանրաթելային մայրուղիներ նաև հետևյալ ուղղություններով` Երևան-Եղվարդ-Աբովան-Չարենցավան-Հրազդան, Հրազդան-Սեվան և Մասիս-Էջմիածին-Արմավիր: Այս ուղղություններով տարվող աշխատանքները ծրագրվում են ավարտել մինչև այս տարվա նոյեմբեր: