Դեպարդիեն ուրախ կլինի ֆրանսահայ դերասանների հետ միասին Հայաստանի մասին ֆիլմ նկարել. Նա նույնիսկ սցենարն է ուրվագծել
62-ամյա ֆրանսիացի աշխարհահռչակ դերասան Ժերար Դեպարդիեն (Gérard Depardieu) այսօր ասուլիսի եկավ ձեռնապայտով ու հայտարարեց. «Եվ հատկապես պիտի ասեմ` կանայք Հայաստանում շատ գեղեցիկ են»: Ալ. Դյումայի գլխավոր հերոս Էդմոն Դանտեսին էկրանավորած Դեպարդիեն այսօր ասաց, որ ցեղասպանության վերաբերյալ գրականության հիման վրա կարելի է ստեղծել օրինակելի հերոսներ:
«Բացի դասականներից, կարելի է անդրադառնալ բանահյուսությանը և կերտել հերոսներ դրանց հիման վրա», -հայտարարեց Հայաստանի հյուրը:
Նա նշեց, որ շատ ուրախ կլինի Հայաստանի մի ժամանակաշրջանի մասին ֆիլմ նկարել ազգությամբ հայ ֆրանսիացի դերասանների հետ միասին: «Պատկերացրեք մի երիտասարդ հայ, որ ապրում է Ֆրանսիայում, որ երբեք չի տեսել Հայաստանը և որը Հայաստանը պատկերացրել է այնպես, ինչպես իրեն պատմել են տատիկն ու պապիկը, նրանց նախնիները, պատմել են ցեղասպանություն, պատմել են սարսափները…Ենթադրենք այդ երիտասարդ հայը ինձ բերում է Հայաստան և ինձ սկսում է ներկայացնել այդ երկիրն այնպես ինչպես ինքն է պատկերացնում: Եվ սա բավարար է մի ֆիլմ նկարելու համար, որպեսզի ճշտենք, թե Հայաստանն այսօր ինչպիսին է», -Հայաստանի մասին հնարավոր ֆիլմի սցենարն ուրվագծեց աաշխարհահռչակ դերասանը:
Դեպարդիեն Երևան է ժամանել «Կարոտ» հայկական միջազգային փառատոնի շրջանակներում: Փառատոնի կազմակերպումը Դեպարդիեն նպատակահարմար համարեց: «Մեզ համար «կարոտ» բառը տարօրինակ է հնչում, որովհետև ֆրանսերենից նշանակում է «գազար», բայց հայերենով նշանակում է նոստալգիա, իրական կարոտ, և ես կարծում եմ դա ավելի շատ խոսում է արմատների մասին: Ճիշտ անվանումն է, քանի որ 7 մլն հայ գտնվում է Հայաստանից դուրս և միայն այս մեծ երկրում ապրում է երեք միլիոն հայ, դրսում ապրող հայերը պահպանել են իրենց արմատները և ճիշտ է կազմակերպել մի փառատոն, որը գնում է դեպի այդ արմատները, վերականգնում է հին ու բնական ավանդույթներն ու արվեստները», -փառատոնի մասին խոսեց դերասանը:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին