Դեպարդիեն ԱԺ նախագահին ասել է, որ մտադրություն ունի Հայաստան բերել եվրոպական գործիչների և կինոյի փառատոն կազմակերպել
Այսօր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ֆրանսիացի աշխարհահռչակ դերասան Ժերար Դեպարդիեին, ով մեր երկրում է գտնվում ՀՀ Ազգային ժողովի նախագահի հովանու ներքո Հայաստանում անցկացվող «Կարոտ» միջազգային փառատոնին մասնակցելու նպատակով:
Հովիկ Աբրահամյանն ասել է, որ դերասանը Հայաստանում բազմահազար երկրպագուներ ունի: Նրա ստեղծած կերպարները վաղուց արժանացել են հայաստանցի արվեստասերի համակրանքին: ՀՀ ԱԺ նախագահը նշեց, որ հայ-ֆրանսիական բարեկամությունը ամուր հիմքերի վրա է, իսկ աշխարհահռչակ դերասանի այցն ավելի կամրապնդի այն:
Հովիկ Աբրահամյանը շատ բարձր գնահատեց այն փաստը, որ Ժերար Դեպարդիեն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, և ընդգծեց նրա քաղաքացիական կեցվածքը, մանավանդ որ դերասանը ներկայացնում է մի երկիր, որն ապաստան է տվել 1915թ. Հայոց ցեղասպանությունից մազապուրծ մեր հայրենակիցների: Ֆրանսիան այն երկրներից է, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:
Ժերար Դեպարդիեն նշեց, որ ինքը Հայաստանը գիտի Ֆրանսիայում ապրող հայ համայնքի շնորհիվ:
Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը նշանակալի համարեց, որ Ժերայր Դեպարդիեն Հայաստան է այցելել «Կարոտ» միջազգային փառատոնի շրջանակներում, որովհետև այն կարևոր դեր է կատարում հայ արվեստը ներկայացնելու գործում: Հայաստանի խորհրդարանի ղեկավարն առաջարկեց հաջորդ փառատոնն անցկացնել Փարիզում, և Ժերար Դեպարդիեին էլ վերապահվի գլխավոր դերը: Դերասանը սիրով համաձայնեց ներկա գտնվել փառատոնին:
Ժերար Դեպարդիեի խոսքով` իր այցելությունը Հայաստան կհետաքրքրի նաև Եվրոպայում գտնվող արվեստի մարդկանց, որպեսզի նրանք ևս գան Հայաստան և այստեղ ծրագրեր իրականացնեն: Ինքը` Դեպարդիեն, այդպիսի մտադրություններ ունի` Հայաստան բերել եվրոպական գործիչների և կինոյի փառատոն կազմակերպել: Նա ծրագրում է նաև աշխարհի տարբեր երկրներում գտնվող հայերի մասնակցությամբ կազմակերպել մշակութային միջազգային ծրագիր Հայաստանում, որի միջոցով ներկայացվի տարբեր ժամանակների հայկական արվեստը:
ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության տեղեկացմամբ, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը պատրաստակամություն հայտնեց աջակցել նման ծրագրերին, քանի որ այդպիսի փառատոնները հնարավորություն են տալիս ծանոթանալու մեր երկրին, մշակույթին: Այս կապակցությամբ ԱԺ նախագահը վերստին կարևորեց «Կարոտ» փառատոնի դերը, որը շատ մեծ ու ողջունելի աշխատանք է կատարում:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին