Ես կարծում եմ, որ Թուրքիան արդեն սկսել է ցեղասպանության ճանաչման գործընթացը. Ժ. Դեպարդիե
Ֆրանսիացի աշխարհահռչակ դերասան Ժերար Դեպարդիեն այսօր առավոտյան այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, որը նրա վրա մեծ տպավորություն է գործել: «Այնպիսի մեծ էր տպավորությունը, որպիսին մարդկանց վրա թողնում է Թել Ավիվում գտնվող Հոլոքոստի զոհերի հուշահամալիրը», -իր տպավորություններն այսօր Ազգային ժողովում տեղի ունեցած ասուլիսում արտահայտեց Դեպարդիեն:
Ասաց, որ գիտե` ինչ է եղել 1915 թվականին ու հիացմունքով պատմեց Ֆրանսիայում ապրող այն հայերի մասին, որոնք ցեղասպանության զոհերի ժառանգներն են: «Ծանոթ եմ Ֆրանսիայում ապրող շատ հայերի և գիտեմ, որ այնտեղ արդեն 4-րդ սերունդն է, որ խոսում են հայերեն, չեն մոռանում իրենց արմատներին ու հավատարիմ են հայկական ավանդույթներին, շատ են ուզում վերականգնել իրենց ազատ երկիրը», -նշեց ֆրանսիացի հյուրը:
Հարցին, թե ինչպես է հռչակավոր դերասանը գնահատում Թուրքիայի կողմից ցեղասպանության փաստի ժխտողական քաղաքականությունը, Դեպարդիեն պատասխանեց. «Ես կարծում եմ, որ նրանք այդ գործընթացն արդեն նրանք սկսել են»: Նա հավելեց, որ ինքը հեռու է քաղաքականությունից, բայց կարծում է, որ մշակույթը մեծ դեր կխաղա հայ-թուրքական հաշտեցման գործում:
«Կարծում եմ, որ մշակույթն ավելի մեծ դեր ունի, քան քաղաքականությունը: Քաղաքականությունը շահերի հավասարակշռումն է, իսկ մշակույթը ազատությունն է, մարդու արտահայտման ազատությունն է, իր ներքին, արմատների ազատությունն է: Պետք է մարդկանց սովորեցնել, որ իրենք տարբեր են և պետք չէ վախենալ այդ տարբերություններից», -հավելեց Հայաստան եկած հյուրը:
Նշենք, որ Դեպարդիեն Հայաստան է հրավիրվել «Կարոտ» միջազգային հայկական փառատոնի շրջանակներում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները