
Մայր Աթոռը առկախել է երկու հոգևորականների մասնակցությունը Վանի հայկական եկեղեցու պատարագին
Սեպտեմբերի 19-ին Վանի Սուրբ Խաչ եկեղեց գմբեթին խաչ չտեղադրելու մասին թուրքական իշխանությունների որոշումը տարակուսանք է առաջացրել Մայր Աթոռում և վերջինս որոշել է առկախել երկու հոգևորականների մասնակցության հարցը:
Այդ կապակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածած հայտարարության մեջ ասվում է. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը տարակուսանքով և ափսոսանքով տեղեկացավ, որ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու գմբեթին խաչի տեղադրումը Թուրքիո իշխանությունների կողմից անհիմն պատճառաբանությամբ հետաձգվում է: Մայր Աթոռին վստահեցվել էր, որ սեպտեմբերի 19-ին Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվող Պատարագից մեկ շաբաթ առաջ եկեղեցու գմբեթին մնայուն կերպով պիտի զետեղվեր օծված խաչը:
Նկատի առնելով խաչի տեղադրման վերաբերյալ կատարված հավաստիացումների դրժումը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, որ ընդառաջ Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության խնդրանքին, սրբազան Պատարագին մասնակցություն պիտի բերեր երկու ներկայացուցիչներով, առկախում է նրանց մասնակցությունը սեպտեմբեր 19-ին Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվող սրբազան Պատարագի արարողությանը»:
Հիշեցնենք, որ մինչ այդ Մայր Աթոռը հրապարակել էր այն հոգևորականների անունները, ովքեր պետք է մասնակցեին պատարագի սուրբ արարողությանը : Նրանք էին` Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը և Կոմիտաս վարդապետ Հովնանյանը:
Նախորդող նորություն` Աղթամարի եկեղեցու գմբեթին սեպտեմբերի 19-ին խաչ չի լինելու