Վլադիմիր Արզումանյանը` «Մանկական Եվրատեսիլ-2010»-ում
Նախօրեին տեղի ունեցավ «Մանկական Եվրատեսիլ-2010» երգի միջազգային մրցույթի հայաստանյան նախընտրական փուլի եզրափակիչը: Ժյուրիի ու հեռուստադիտողի քվեարկության արդյունքում (50x50 հարաբերակցությամբ) «Մանկական Եվրատեսիլ-2010»-ում Հայաստանը ներկայացնելու է 12-ամյա Վլադիմիր Արզումանյանը իր «Մայրիկ» երգով:
Հիշեցնենք, որ Վլադիմիր Արզումանյանը «Մանկական Նովոյա Վոլնա-2010» երիտասարդ կատարողների միջազգային մրցույթում 8-12 տարիքային խմբում զբաղեցրել էր 3-րդ հորիզոնականը:
«Մանկական Եվրատեսիլ-2010» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնելու ցանկություն է ունեցել 31 հոգի, սակայն նախընտարական առաջին փուլի շեմը հաղթահարել է միայն 25-ը: Սեպտեմբերի 2-3-ին տեղի ունեցած կիսաեզափակիչների արդյունքում 25 երգից ժյուրին ընտրել էր 15-ին, իսկ շաբաթ օրը կայացած կիսաեզրափակիչում ընտրվել էին լավագույն 10 երգերը: Եվ ահա հենց այս 10 երգից էլ ընտրվել է Վ. Արզումանյանի «Մայրիկ»-ը:
Նշենք, որ «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթն անցկացվում է 2003 թվականից: Մրցույթին մասնակցում է Եվրոպական հեռարձակողների միության անդամ-երկրներից մեկական ներկայացուցիչ: Մրցույթին կարող են մասնակցել 10-15 տարեկան երեխաներ:
Հայաստանը մրցույթին առաջին անգամ մասնակցել է 2007թ-ին. «Արևիկ» մանկապատանեկան համույթի սաները հանդես եկան «Երազանք» երգով` զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը: 2008թ-ին Հայաստանը ներկայացրեց 13-ամյա Մոնիկա Մանուչարովան իր «Իմ երգի հնչյունը» երգով` զբաղեցնելով 8-րդ հորիզոնականը, իսկ նախորդ տարի Լուարա Հայրապետյանն իր «Բարսելոնա» երգով զբաղեցրեց կրկին 2-րդ հորիզոնականը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները