Վարչապետը կիրակին անցկացրել է Դսեղում, թումանյանական տրամադրությունների ներքո
Կիրակի, սեպտեմբերի 5-ին, վարչապետ Տիգրան Սարգսյանը այցելել է ամենայն հայոց բանաստեղծ Հովհանես Թումանյանի ծննդավայր Դսեղ` մասնակցելու այնտեղ անցկացվող «Թումանյանական հեքիաթի օր» խորագրով տիկնիկային թատրոնների միջազգային փառատոնին: Այս մասին տեղեկացնում են կառավարության լրատվական ծառայությունից:
Կառավարության ղեկավարը բացման հանդիսավոր արարողությունից հետո շրջել է համայնքում, այցելել է գյուղի դպրոցը: Տիգրան Սարգսյանը կարճատև խորհրդակցություն է անցկացրել կրթօջախի աշխատակիցների և մարզպետի մասնակցությամբ, որտեղ առաջ են քաշվել դպրոցի մասնաշենքի վերանորոգման, ներհամայնքային` դեպի դպրոց տանող ճանապարհի վերականգման խնդիրները: Խորհրդակցության ավարտին դպրոցի կոլեկտիվը «Դսեղ» գիրքը` որպես խորհրդանշական նվեր, հանձնել է վարչապետին: Գործադիրի ղեկավարը շրջայց է կատարել դպրոցում, ծանոթացել շենքային պայմաններին:
Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան այցելությունից հետո Տիգրան Սարգսյանը պատասխանել է լրագրողների հարցերին` մասնավորապես նշելով. «Մենք ցանկանում ենք հանրության ուշադրությունը հրավիրել այս միջոցառման վրա և, իհարկե ցանկալի է, որպեսզի բոլոր ծնողները իրենց երեխաների հետ մասնակցեն այս հիասքանչ միջոցառմանը, որը միջազգային կարգավիճակ ունի: Փառատոնը բնականաբար հնարավորություն է տալու նաև պրոպագանդել Թումանյանին, աշխարհին ներկայացնել մեր մեծատաղանդ գրողին»:
Վարչապետը Դսեղ է գնացել կնոջ և որդիների ուղեկցությամբ, որոնց հետ էլ մասնակցել է տիկնիկային փառատոնի ընթացքում կազմակերպված միջոցառումներին:
Նշենք, որ «Թումանյանական հեքիաթի օր» խորագրով տիկնիկային թատրոնների միջազգային փառատոնը անց է կացվում Դսեղ գյուղում սեպտեմբերի 5-11-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները