Ստուգիչ-պատժիչ-մահակային. Սա ԿԳՆ իմիջն է. Աշոտյանը հասկանում է դա ու հայտարարում, որ հապաղելն անհնար է
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը լսել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում իր ղեկավարած գերատեսչությունը «ստուգիչ-պատժիչ-մահակային» իմիջ է ձեռք բերել: Լրագրողների հետ այսօրվա հանդիպմանը նախարարը հայտարարեց, որ ստուգումներ եղել են ու դեռ կլինեն, ավելին, գնալով դրանք հաճախակի կդառնան, իսկ խախտում թույլ տվածները պետք է պատրաստ լինեն պատժի:
Տարին երկու անգամ ստուգումների համար պետք է դռները բացեն մասնավոր բուհերը: Հունվար-փետրվարին ակնկալվող ստուգումների արդյունքների մասին նախարարը մոտավոր պատկերացում ունի, ենթադրում է, որ լիցենզիաներից էլի հաստատություններ կզրկվեն: Լիցենզավորման գործընթացը շատ մատչելի է, դրանից կես քայլ շեղվողները անպայման պատժվելու են: Սա նախարարի զգուշացումն է:
Ինչ վերաբերում է վերջերս լիցենզիաներից զրկվելու պատճառով հաստատություններից դուրս մնացած 2200 ուսանողներին, ապա նախարարն ասաց, որ 100-ը դիմել են նախարարությանը ուսումը շարունակելու համար, 100-ը` այդ բուհերի ղեկավարությանը: Առջևում դեռ մեկ շաբաթ կա, բայց նախարարի համար մի բան հստակ է. «Արդեն ակնհայտ է, որ 2200 հոգուց բուհական համակարգը չի հավաքագրի կեսը: Սա գալիս է ապացուցելու, որ մեր քաղաքականությունը ճիշտ է, նման բուհերում ուղղակի ձևակերպված են մարդիկ, կրթական գործընթաց կամ չկա, կամ էլ կա` շատ թույլ ուժգնությամբ է: Այս քաղաքականությունը շարունակվելու է»:
Չնայած լիցենզիաների կասեցմանը, այս պահին հանրապետությունում գործում է 47 մասնավոր բուհ: «Ակնհայտ է, որ մենք երկրում չունենք նման գիտամանակավարժական պոտենցիալ 47 մասնավոր և 19 պետական բուհ սպասարկելու համար, և չունենք այդքան ժողովրդագրական ռեսուրսներ»,-այս վերլուծությունը ներկայացրեց նախարարը:
Ոլորտի պատասխանատուի խոսքով, ստուգումներ դեռևս լինելու են մարզպետարանների համապատասխան վարչություններում, հատուկ դպրոցներում: Հիմա որոշման նախագիծ է շրջանառվում մեջ թիվ 18 հատուկ դպրոցի լուծարման ու Փոքր Մհեր կրթահամալիրի վերամիավորման մասին:
«Հատուկ դպրոցների համակարգում շատ շուտով կլսեք կադրային փոփոխությունների մասին»,-հայտարարեց Աշոտյանը, ապա խոստացավ հստակ ստուգումներից հետո հստակ տվյալներ տալ, թե ում ինչի համար են ազատել աշխատանքից: «Ես հասկանում եմ, որ նախարարության վերջին տարում ձևավորված իմիջը` ստուգող-պատժիչ-մահակային գործունեություն իրականացնող մարմնի իմիջ է, բայց կարծում եմ, որ սա է անհրաժեշտությունը մեր կրթական համակարգի: Հապաղել այլևս հնարավոր չէ»,-ասաց նախարարը, նշելով, որ զանգվածային ստուգումներ են լինելու նաև հանրակրթական դպրոցներում` հատկապես առաջին դասարանցիների ընդունելության հետ կապված: Եթե պարզվի, որ աշակերտները հինգ տարեկանում են ընդունվել դպրոց, վեցի փոխարեն, ինչպես սահմանում է օրենքը, ապա պատիժը չի ուշանա:
«Այդ ստուգումների արդյունքում խախտում թույլ տված տնօրեններն անմիջապես պատժի են ենթարկվելու: Նախարարության ենթակայության ներքո գտնող դպրոցների դեպքում միանգամից ես եմ ստորագրելու հեռացման հրամանը, մարզպետարանների ու քաղաքապետարանի ենթակայության ներքո գործող դպրոցների դեպքում ներկայացնելու ենք տույժի»,-ասաց նա:
Նախորդ տարի ստուգումների արդյունքում 2 տնօրեն ազատվել է աշխատանքից, ևս չորսը ներկայացվել են ազատման, մի քանի տասնյակ տնօրեններ էլ ստացել են խիստ նկատողություն: «Դա նշանակում է, որ ստուգման ընթացքում մի հատ էլ խիստ նկատողություն և իրենք ուղղակի չեն աշխատելու` Աշատանքային օրենսգրքի համապատասխան»,-զգուշացրեց Աշոտյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան