Աշոտյան. Ոչ մի տնօրեն արտոնյալ չէ
Ոչ մի տնօրեն արտոնյալ չէ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Խոսքը հատկապես վերաբերում է այն դպրոցների տնօրեններին, ովքեր աշակերտներին ստիպում են համազգեստ հագնել կամ էլ սահմանված տարիքից ցածր սաներ են ընդունում: Նա հիշեցրեց, որ համազգեստ հագնելու որոշումը կայացնում է ծնողկոմիտեն, ում «Հանրակրթության մասին» օրենքով լուրջ իրավասություններ են տրվել:
Նախարարը համազգեստի պարտադրումից դժգոհ ծնողներին հրավիրեց իր ընդունարան: «Սիրելի ծնողներ, որտեղ ձեզ կպարտադրեն համազգեստ, վեր եք կենում, գալիս եք նախարարություն` իմ ընդունարան և մենք միասին պարզում ենք, ով է պարտադրում համազգեստ ու երևի թե պարտադրում է, թե որ ցեխից կամ խանութից գնել»,-ասաց Աշոտյանը, ավելացնելով, որ սա ոլորտի լուրջ հիմնախնդիրներից մեկն է:
Լրագրողները հստակ դպրոց նշեցին, որտեղ տնօրենը համազգեստ է պարտադրում` թիվ 114: Նախարարը վաղը լրագրողին, ծնողներին ու տնօրենին հրավիրեց իր մոտ` խնդիրը քննարկելու: «Կգաք, կխոսենք, տիկին տնօրենին էլ կհրավիրենք ու այդ հարցերը կքննարկենք»,-ասաց ԿԳ նախարարը: