Կստեղծվի ևս 40-44 ավագ դպրոց
Ավագ դպրոցներում թերհավաք չկա: Լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ապա ավելացրեց, որ ավագ դպրոցներ կան, որոնցում բացվել էն 15-17 10-րդ դասարաններ: «Բավականին մեծ թիվ է սա»,-նկատեց նախարարը:
Ներկայումս հանրապետության տարածքում գործում է 91 ավագ դպրոց, սակայն դրանց ձևավորման գործընթացը չի ավարտվել: Աշխատանքների ավարտի ժամկետը 2011 թ-ն է, ավագ դպրոցների թվի ակնկալվող ավելացումը` 40-44-ը:
«Ավագ դպրոցները մրցակցության մեջ են գտնվում քոլեջների ու ուսումնարանների հետ, նրանք պայքարում են միևնույն ուսանողի ու միևնույն աշակերտի համար»,-ասաց Աշոտյանը:
Ի դեպ, նախարարն այսօր հայտարարեց, որ անկախ այն բանից, թե ինչ բուհ են ընդունվելու շրջանավարտները` մասնավոր, թե պետական, պետք է ընդունելության քննությունը հանձնեն միասնական համակարգով: Սա առայժմ օրինագիծ է, ԱԺ նստաշրջանի մեկնարկից հետո կդրվի քննարկման:
«Հուսով եմ օրինագիծը կընդունվի մինչև այս տարեվերջ, ու 2011 թվականին դիմորդները` անկախ այն բանից, թե որ բուհ են դիմելու, պետք է հանձնեն միասնական ընդունելության քննություններ, որպեսզի դառնան ուսանող»,-բացատրեց Աշոտյանը: Ըստ ոլորտի պատասխանատուի, դա ևս մի քայլ է ուղղված պետական ու մասնավոր բուհերի իրավահավասարության ստեղծմանը:
«Առաջինը հիշում եք, վճարովի համակարգից տարկետման իրավունքի վերացումն էր»,-նշեց նախարարը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան