Դ.Ռստակյան. «Վրաստանում ազգային փոքրամասնությունների դպրոցներ այլևս «դե յուրե» չկան»
Վրաստանի Հայ համայնքի հաղորդագրության համաձայն` Թբիլիսիում ընթանում է թիվ 110 ու 95 դպրոցների, ինչպես նաև թիվ 146 դպրոցի հայկական բաժնի լուծարման ու վերակազմավորման գործընթացը: Հստակեցնենք` բոլոր նշված դպրոցներում գործում են հայկական բաժիններ, այդ իսկ պատճառով համայնքը դիմել է Կրթության նախարարությանը` պարզաբանումներ ստանալու համար:
Panorama.am-ի հետ զրույցում Ջավախքի «Վիրք» կուսակցության համանախագահ Դավիթ Ռստակյանը նշեց` թե ի՞նչ է իրականում կատարվում դեռևս հայտնի չէ, քանի որ վրաց իշխանություններն օգտվելով նրանից, որ դպրոցները գործելու են միայն սեպտեմբերի 15-ից, որևէ տեղեկատվություն չեն հրապարակում: Այնպես որ որևէ հստակություն դպրոցների հետագա ճակատագրի առումով այս պահին բացակայում է. «Պետք է սպասենք թե նախարարության արձագանքին, թե դպրոցների բացմանը»,- ասաց նա:
Վրաստանում հայկական դպրոց հասկացություն արդեն վաղուց չկա` ոչ Ջավախքում, ոչ էլ երկրի այլ շրջաններում. «Ճիշտ է, որպեսզի մենք այսօրվանից կոչենք առարկաներն իրենց անուններով և հասկանանք, որ Վրաստանում ազգային փոքրամասնությունների դպրոցներ այլևս «դե յուրե» չկան, դա միֆ է»,- ավելացրեց Panorama.am-ի զրուցակիցը: Ինչ մնում է «դե ֆակտոյին», ապա Վրաստանի կրթության մասին օրենքի նոր շարադրությունում ասվում է, Դ.Ռստակյանի փոխանցմամբ` Վրաստանի հանրային դպրոցներում դասավանդման լեզուն համարվում է վրացերենը. «Այսինքն որևէ ուսուցիչ այլևս իրավունք չունի դպրոցում խոսել հայերեն և, բնական է, այն ուսուցիչները, որոնք հավուր պատշաճի չեն տիրապետում վրացերենին պետք է ազատվեն աշխատանքից»,- նշեց նա:
Հետաքրքրվեցինք` փաստորեն շուրջ երկու ամիս առաջ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանի տարածած այն տեղեկությունները, որ վրաց դպրոցներում աշխատանքից ազատվում են հայ մանկավարժները, ստացվում է կատարվում է օրենքի շրջանակո՞ւմ. «Ցավոք, այո` նրանք քողարկում են այդ գործընթացը օրենքի տառի տակ»,- արձագանքեց Դ.Ռստակյանը:
Սակայն որոշակիորեն բողոքելով այս ամենի դեմ հաջողվել է փոքր-ինչ ժամանակ շահել, քանի որ միանգամից համատարած մանկավարժներ աշխատանքից հեռացնելու համար անհրաժեշտ է ունենալ նրանց համապատասխան փոխարինողներ: Բայց հուսադրող միտումներ, այդուհանդերձ, չկան, քանի որ արդեն այսօր հստակ կարելի է ասել` հաջորդ տարի հայոց լեզվի դասաժամերն էլ ավելի կկրճատվեն և հայ երեխայի համար մայրենին կդառնա օտար լեզու:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան