Սեպտեմբերին հարևան երկրների կրթության ոլորտի պատասխանատուները կլինեն Երևանում
Սեպտեմբերին ԿԳՆ-ն պատրաստվում է ընդունել հարևան երկրների կրթության ոլորտի պատասխանատուներին: Իրանից երկու փոխնախարարների ղեկավարությամբ պատվիրակություն կժամանի Հայաստան:
Սեպտեմբերի 20-23-ը Երևանում բարձրաստիճան պատվիրակության անդամները կլինեն ԵՊՀ-ում, Բժշկական համալսարանում, ՀՊՃՀ-ում, «որոնց դիպլոմների ճանաչման հետ կապված խնդիրներ կային իրանական կողմում», իրանցի մասնագետները կլինեն նաև Ֆրանսիական, Սլավոնական համալսարաններում: «Հույս ունենք, որ Իրանից եկող ուսանողների թիվը առաջիկա տարիներին կաճի»,-ասաց նախարարը: Այցի ընթացքում իրանական կողմին առաջարկ կարվի համագործակցել ԳԱԱ-ի հետ:
Հաջորդ հյուրը Վրաստանի կրթության նախարարն է: Նա Երևանում կլինի սեպտեմբերի 28-30-ը: Այցի ընթացքում, ըստ Աշոտյանի կարևոր խնդիրներ են քննարկվելու, կստորագրվի երկու երկրների նախարարությունների միջև համագործակցության ծրագիրը, որը ուժը կորցրել է դեռ երկու տարի առաջ: «2008-ից առ այսօր կրթության և գիտության ոլորտում Հայաստանի ու Վրաստանի միջև որևէ իրավական հիմք գոյություն չունի: Վրացական կողմի հետ միասին մենք պատրաստել ենք նոր համաձայնագիր»,-ասաց նա:
Նախարարները քննարկելու են նաև Վրաստանում Հայոց լեզվի դասավանդման հետ կապված խնդիրներ, վիրահայ համայնքին հուզող հարցեր, ինչպես նաև փորձի փոխանակման ու կրթական համակարգերի ինտեգրման հարցեր: Վրացի գործընեկրներին առաջարկվել է մինչև տարեվերջ կազմակերպել երկու երկրների փորձագետների կոնֆերանս: Աշոտյանի գնահատմամբ, Վրաստանի համեմատ Հայաստանի կրթական համակարգը մեկ քայլ առաջ է: Ավագ դպրոցների ստեղծման առումով այնտեղ դեռ վարանումների մեջ են, մինչդեռ մենք սկսել են գործընթացը: Այցի ընթացքում նախատեսվում է Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում վրացական կենտրոնի բացում:
Սեպտեմբերի 13-16-ը Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Գերմանիա: Այցն իրականացվում է Գերմանիայի ակադեմիական փոխանակման ծրագրով, հրավերը նրանց կողմից է, այցի ֆինանսավորումը` ևս: Աշխատելու են հագեցած գրաֆիկով, պատվիրակության կազմում կլինեն երկու բուհի ռեկտորներ: Նախարարը Գերմանիայից լավ լուրեր ունի. Հալլե-Վիտենբերգ համալսարանը որոշել է բարձրացնել հայագիտական կենտրոնի կարգավիճակը, գերմանական կողմը պատրաստակամություն է հայտնել 5 տարի ֆինանսավորել կենտրոնի գործունեությունը, 2012-ից ակնկալելով նար հայկական կողմի համաֆինանսավորումը