63 տարեկան հասակում կյանքից հեռացել է սիրված դերասան Ռազմիկ Արոյանը
Նախօրեին 63 տարեկան հասակում կյանքից հեռացել է սիրված դերասան Ռազմիկ Արոյանը: Ռ. Արոյանի վերջին հրաժեշտը տեղի կունենա այսօր` ժամը 14:00-ին, Հարավ-արևմտյան Բ-1 թաղամասի Անդրանիկի-74 («Վետերանների տուն») հասցեում, հուղարկավորությունը` Երևանի Զեյթունի գերեզմանատանը:
Ռ.Արոյանը ծնվել է 1947թ. Պարսկաստանի Թեհրան քաղաքում` Խորհրդային ծառայողի ընտանիքում:Նախադպրոցական տարիքում հաճախել է Թեհրանում ԽՍՀՄ դեսպանատան թատերական խմբակը: 1967թ. ընտանիքով տեղափոխվել է Հայաստան, ընդունվել Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին կից գործող Վ. Աճեմյանի դպրոց-ստուդիան: Հենց սկզբից աչքի է ընկել դերասանական ձիրքով, եղել է Վ. Աճեմյանի սիրված ուսանողը: Ավարտելուց հետո երկար տարիներ աշխատել է նույն թատրոնում: Այնուհետև աշխատել է «Նորք» երիտասարդական թատրոնում: Բեմում մարմնավորրել է բազմաթիվ հիշվող և հանդիսատեսի համար հարազատ դարձած կերպարներ: Խաղացել է Մ. Գորկու «Հատակում» (Սատին), Գ. Սունդուկյանի «Պեպոյում» մարմնավորել է Կակուլիի կերպարը` Բ. Ներսիսյանի և Խ. Աբրահամյանի հետ:
Մեծ է Ռ. Արոյանի ավանդը հայ կինոմատոգրաֆիայում: Նկարահանվել է շուրջ 30 գեղարվեստական և կարճամետրաժ ֆիլմերում: Նրան հատկապես մեծ համբավ է բերել «Թթենին» կարճամետրաժ ֆիլմը: Նկարահանվել է «Կոմիսար Մհերի արկածները», «Յոթ սարից այն կողմ», «Արևիկ», «Ամուր ապար», «Սպիտակ անուրջներ», «Մխիթար Սպարապետ», «Լիրիկական երթ», «Քարեր», «Ձորի Միրոն» ֆիլմերում, «Բումերանգ» կինոալմանախում: Կյանքի վերջին շրջանում Ռ. Արոյանը նկարահանվել է հեռուստասերիալներում. «Ճակատագրի գերիները» (մարմնավորել է Հենրի Վերդյանի կերպարը), «Որոգայթ», «Դժբախտ երջանկություն»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան