Անահիտ Բախշյանից` Երևանի քաղաքապետին և քաղաքաշինության նախարարին
Այսօր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը նամակներ է ուղարկել Երևանի քաղաքապետին և քաղաքաշինության նախարարին Երևանի Վաղարշ Վաղարշյանի անվան թիվ 80 դպրոցի հարևանությամբ վերջերս կառուցված բենզալցակայանի վերաբերյալ: Ըստ «Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայության, նամակում գրված է. «Սեպտեմբերի 3-ի «Առավոտ» օրաթերթը հրապարակել էր Կիլիկիա թաղամասի բնակիչների ահազանգը` Երևանի Վաղարշ Վաղարշյանի անվան թիվ 80 դպրոցի հարևանությամբ վերջերս կառուցված բենզալցակայանի մասին: Բնակիչներն ահազանգել են բենզալցակայանի վտանգավոր մոտիկության մասին:
Անձամբ տեղում լինելով` համոզվել եմ փաստի մասին:
Քաղաքաշինության նախարարության համապատասխան վերահսկողության բաժնի պետ Նորիկ Մնոյանը խոստացել է գնալ տարածք, ստուգել, թե քաղաքաշինության նորմերի խախտումներ եղե՞լ են, թե՞ ոչ:
«Ազգային Ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն` 10-օրյա ժամկետում խնդրում եմ տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե
1. վերոնշյալ կառույցի շինարարության մասին թույլտվություն տրվե՞լ է և ե՞րբ
2. քաղաքաշինության նորմերի պահպանման մասին տեղեկանք տրվե՞լ է և ու՞մ կողմից»:
Օգոստոսի 25-ին «Ժամանակ» թերթում «Արմեն Աշրաֆյանը «մխտռո՞ւմ է» կոռուպցիայի դեմ պայքարը» Էլմիրա Մարտիրոսյանի հեղինակած հոդվածում հրապարակված տեղեկությունների առնչությամբ Անահիտ Բախշյանը ՀՀ գլխավոր դատախազին ուղղել է հետևյալ հարցերը. «Խնդրում եմ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված 10-օրյա ժամկետում տրամադրել տեղեկություն այն մասին, թե
1. արդյո՞ք ստուգվել է հրապարակված նյութի բովանդակության իսկությունը,
2. հարուցվե՞լ է քրեական գործ, թե` ոչ,
3. եթե հարուցվել է, ապա ի՞նչ փուլում է այն գտնվում»: