Մ. Իգիթյան. ԼՂՀ-ում ու ՀՀ-ում կազմակերպված «Կարոտ»-ն իր գաղափարախոսությամբ տարբերվում էր նախորդներից
Հայ մշակույթի զարգացման հիմնադրամի կողմից կազմակերպված «Կարոտ» 3-րդ փառատոնը, որն այս տարի առաջին անգամ անցկացվեց ԼՂՀ-ում ու ՀՀ-ում, իր գաղափարախոսությամբ տարբերվում էր Մոսկվայում կազմակերպված նախորդ երկու «Կարոտ»-ներից:
«Դրսում կազմակերպելով այս փառատոնը` նպատակ ունենք Հայաստանից կտրված հայությանը հիշեցնել իրենց լեզուն ու մշակույթը: Իսկ Հայաստանինը մի քիչ տարբեր է: Պատահական չէր, որ մենք փառատոնի բացումը արեցինք Ստեփանակարտում` Արցախի անկախության օրը: Դա Արցախից կոչ էր, ազդակ էր ամբողջ աշխարհին` ապրել առանց բռնության, առանց կրոնական ու ռասսայական խտրականության»,- այս մասին ասուլիսում ասաց Հայկական մշակույթի զարգացման հիմանդրամի նախագահ, «Կարոտ» փառատոնի նախագահ Մեծո Իգիթյանը:
Հիշեցնենք, որ փառատոնն այս տարի մեկնարկել է Արցախում ու շարունակվել Երևանում: Փառատոնի կարևոր իրադարձությունն է մշակույթի, արվեստի, սպորտի, քաղաքականության բնագավառներում նշանավոր գործիչներին, անհատներին ու հայտնի դեմքերին, որոնց ներդրումն ու լուման մեծ դեր և նշանակություն ունեն մեր երկրի համար, մրցանակների հանձնման արարողությունը:
Սեպտեմբերի 4-ին Օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում կայացել է փառատոնի մրցանակաբաշխությունը:
Մրցանակների են արժանացել կոմպոզիտորներ Էդվարդ Միրզոյանը, Ալեքսանդր Հարությունյանը, ակադեմիկոսներ Սերգեյ Համբարձումյանը, Սեն Արևշատյանը, բարերար Լևոն Հայրապետյանը, ասմունքի վարպետ Վլադիմիր Աբաջյանը, ջազմեն Լևոն Մալխասյանը, քանդակագործ Դավիթ Երևանցին, ֆուտբոլիստ Հարություն Քեհեյանը, դերասան Ժերար Դեպարդիեն: «Կարոտ» մրցանակը հետմահու շնորհվել է գեղանկարիչ Մինաս Ավետիսյանին, կրկեսի և մնջախաղի վարպետ Լեոնիդ Ենգիբարյանին, կինոյի և թատրոնի արտիստ Մհեր Մկրտչյանին:
Հատուկ մրցանակի է արժանացել հայ պարարվեստում երկարամյա ներդրման ու զարգացման համար Վանուշ Խանամիրյանը:
Հիշեցնենք, որ մինչ այս մրցանակին են արժանացել այնպիսի ականավոր մարդիկ, ինչպիսիք են Շառլ Ազնավուրը, Նիկոլայ Ռիժկովը, Վլադիմիր Սպիվակովը, Արմեն Ջիգարխանյանը, Արթուր Աբրահամը, Ջիվան Գասպարյանը, Իոսիֆ Կոբզոնը, Սոս Սարգսյանը, Կոնստանտին Օրբելյանը, Նիկիտա Սիմոնյանը, Անդրեյ Բիտովը, Յուրի Վարդանյանը։
Փառատոնի ընթացքում Հայաստան են ժամանել հյուրեր աշխարհի 12 երկրներից, այդ թվում` ֆրանսիացի հանրահայտ դերասան Ժերար Դեպարդիեն:
Մ. Իգիթյանն ասաց, որ դեռևս հայտնի չէ, թե որտեղ կանցկացվի հաջորդ «Կարոտ» փառատոնը. մեկ ամսից նոր պարզ կդառնա: Նա չբացառեց, որ հնարավոր է կրկին անցկացվի Հայաստանում, թեև հարկավոր են ֆինանսական աջակցություն:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին