25 հազար դրամ` ընտանեկան նպաստի իրավունք ունեցողների առաջին դասարանցիներին
Այն ընտանիքները, ովքեր երրորդ եռամսյակում դեռ ընդգրկված են նպաստառուների ցուցակում և իրենց ընտանիքում ունեն առաջին դասարանցի երեխա, որպես պետական աջակցություն այս տարի ևս կստանան 25 հազար դրամ:
Այս մասին Panorama.am-ին հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության մեթոդական օգնության բաժնի պետ Արմեն Մարգարյանը:
25 հազար դրամը ստանալու համար ծնողները պետք է դիմում գրեն իրենց համայնքի սոցիալական ծառայության տարածքային կենտրոն, ինչպես նաև համապատասխան փաստաթուղթ ներկայացնեն դպրոցից, առ այն, որ իրենց երեխան հաճախում է առաջին դասարան:
Ա. Մարգարյանի խոսքով, նշված գումարը ընտանիքները կստանան ամսվա վերջին` ընտանեկան նպաստի հետ համատեղ:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության մեթոդական օգնության բաժնի պետը նշեց, որ 25 հազար դրամը ստանալու համար, քաղաքացիները համայնքի սոցիալական ծառայության տարածքային կենտրոն կարող են դիմել մինչև սեպտեմբերի վերջին օրը:
Դիմումների վերջնական թիվն, ըստ նրա, պարզ կլինի միայն հոկտեմբերի վերջին: