Կրթություն-տնտեսություն կապի սերտացում
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Շևկետ Շայդուլինի հետ: Այս մասին տեղեկացանք ԿԳ նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթություն-տնտեսություն կապի ամրապնդմանն ուղղված հարցեր: Նախարարը շնորհակալություն է հայտնել պարոն Շայդուլինին` մեր երկրում սոցիալական պարտավորություն ստանձնելու կապակցությամբ` նշելով, որ վերջինիս գլխավորած կազմակերպությունն արդեն աշխատաշուկայում որակյալ կադրերի պահանջի խնդիր է դնում:
Ա. Աշոտյանը շեշտել է, որ շուկան է ձևավորում պահանջարկ, իսկ մասնագիտական կրթության համակարգն անմիջապես դրան արձագանքում է, ինչպես դա տեղի է ունեցել տեղեկատվական տեխնոլոգիաների և բանկային համակարգի պահանջի պարագայում:
Անդրադառնալով միջին մասնագիական կրթության ոլորտին` նախարարն ընդգծել է, որ երկար ժամանակ նշված ոլորտը չի համագործակցել մասնավոր բիզնեսի հետ` կոնկրետ մասնագիտությամբ կադրեր պատրաստելու ուղղությամբ և հավելել, որ տարեցտարի ավելանում է ուսումնարաններ և քոլեջներ ընդունվել ցանկացողների թիվը: Ա. Աշոտյանը հյուրին տեղեկացրել է նաև Եվրամիության աջակցությամբ իրականացվող 12 բազմագործառութային քոլեջների գործունեության վերաբերյալ, որոնք միտված են ապահովելու մարզերի աշխատաշուկայի պահանջարկը` որակյալ մասնագետների պատրաստման ուղղությամբ:
Շ. Շայդուլինը նշել է, որ ընկերությունն ակտիվ համագործակցում է Վանաձորի արհեստագործական ուսումնարանի և Հայաստանի պետական Ճարտարագիտական համալսարանի հետ` հավելելով, որ ընկերությունն իր գործունեությունն իրականացնում է երկու կարևոր ուղղություններով` ներդրումների ներգավում և գիտատեխնիկական զարգացում: Պարոն Շայդուլինը նախարարի հրավիրել է նաև ներկա գտնվելու Արմավիրում համակարգչային դիստանցիոն կրթության իրականացման համար կահավորված դասասենյակի բացմանը:
Հանդիպման ավարտին նախարարը մեկ անգամ ևս վստահեցրել է, որ նախարարությունը և ՀՊՃՀ-ն պատրաստակամ են կյանքի կոչել բոլոր այն ծրագրերը, որոնք կնպաստեն ինչպես կրթության որակի զարգացմանը, այնպես էլ տնտեսություն-կրթություն կապի սերտացմանը: