Իրանցի թյուրքախոս ազերիները հակապետական քարոզչություն իրականացնելու համար կանգնել են հեղափոխական դատարանի առջև
Թավրիզի հեղափոխական դատարանի դատաքննական նիստի ժամանակ հակապետական գործունեություն իրականացնելու, պետական համակարգի դեմ հակաքարոզչություն իրականացնելու հատկանիշով մեղադրանք է առաջադրվել իրանցի թյուրքախոս ազերի Հոսեյն Նասիրիի նկատմամբ:
Այդ մասին հայտնում է պարսկալեզու «սավալանսեսի.քոմ» կայքը:
Վերոնշյալ հակաիրանական գործիչը մեղադրվում է նաև մի շարք պանթյուրքական խմբավորումներին անդամակցելու մեջ, որոնց նպատակը Իրանի հյուսիսային` իրանցի թյուրքախոս ազերիներով բնակեցված նահանգներում պետական կարգի խարխլումն է:
Հիշեցնենք, որ Իրանի հեղափոխական դատարաններից մեկն անցյալ շաբաթ ևս 5 իրանցի թյուրքախոս ազերների մեղադրեց հակապետական քարոզչություն իրականացնելու մեջ:
Նշենք, որ վերջին շրջանում պանթյուրքական ծայրահեղական խմբավորումներն ակտիվացրել են իրենց հակաիրանական գործողությունները: Ելնելով վերոնշյալ խնդիրներից` Իրանի հատուկ ծառայություններն ու անվտանգության ուժերը առանձնահատուկ ուշադրություն են ցուցաբերում վերոնշյալ հյուսիսային նահանգների անվտանգության և կայունության ապահովմանը: